Ստեղծագործում են քվանտականները

Տերևները չեն մահանում

24.01.2023


                      

Նանյան Նարե 85 դասարան          

                                                 Տերևները չեն մահանում

(խոհագրություն)

      Աշնանային ամպոտ ու մռայլ օր է: Հոգիս նույնպես ամպոտ է ու թխպոտ, իսկ ահա սրտումս աշնան գույներն են լուռ ծիածանվում: Գլխահակ ու մտազբաղ քայլում եմ իմ այգում, որն իմ հասակակիցն է: Տարիներ առաջ տնկած դալար շիվերը սաղարթախիտ ծառեր են դարձել: Հայացքս չեմ կարողանում կտրել մերկացած ծառերից և գետինը ծածկած աշնանային տերևներից: Ծառերն էլ ինձ նման լուռ են ու գլխահակ: Խորհրդավոր լռության մեջ ես նրանց անձայն տնքոցն ու հառաչանքն եմ լսում՝ ուղղված ուշագնաց տերևներին, որոնք կարճ, անչափ կարճ կյանք ունեցան ու կյանք պարգևելով՝ հրաժեշտ տվեցին ծառերին: Դալկացած ու տերևազուրկ ծառերին նայելիս հոգուս թուխպն ավելի է խտանում, նմանվում մառախուղի, իսկ սիրտս սկսում է անձրևել: Ինձ ծանոթ ու հարազատ ծառեր են, տերևները՝ նույնպես, որոնցով ուրախանում էի և հրճվում, երբ նոր-նոր էին լույս աշխարհ գալիս: Տերևներն աննկատ հասակ էին առնում, մեղմ զեփյուռից նազանքով օրորվում, իսկ քամու տակ հեզաճկուն պարում: Ականջներումս նրանց՝ անթարգմանելի երաժշտություն հիշեցնող սոսափյունն է: Որքա՜ն ներդաշնակ էին նրանց սոսափյունն ու նազանքով պարը, նրանցից տարածվող զովությունը:

      Ցավոք, այդ ամենն անցյալ է դարձել: Տերևները ծնվում են ակամա, ապրում իմաստալից կյանքով, իսկ հիմա... լուռ փարվել են հողին՝ զարդարելով գետինը աշնան գույներով: Մերկացած ծառերը հպարտ ու լուռ են: Նրանց լռությունը խոսուն է: Ծառերը հավատացած են, որ իրենցից ծնված ու սնված տերևները բազմագույն գարնանը վերստին կվերադառնան նոր տեսքով ու հմայքով: Այս միտքն իմ հոգում լույս է վառում, ու ես ասես լսում եմ վերադարձող տերևների երգեցիկ ձայները: Տխրամած սիրտս հպարտությամբ է լցվում, իսկ հոգիս՝ ճախրանքով, երբ մտքիս է գալիս, որ տերևները չեն մահանում...