Մեր մասին

15.10.2022

ՀՀ փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որը հիմնադրվել է 1991թ․ սեպտեմբերին (արտոնագիր հ․ 001)։ Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ։ Առաջին ուստարում վարժարանը ուներ 49 աշակերտ, 17 ուսուցիչ և 21 շրջանավարտ: Զբաղեցնում էր մոտ 400 քմ տարածք: Ներկայումս շուրջ 3000 շրջանավարտ ունեցող վարժարանի տարրական, միջին և ավագ դասարաններում սովորում է մոտ 1000 աշակերտ։ Գործող 60 դասարաններից երկուսում կրթությունն իրականացվում է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով, իսկ մյուս 58 դասարաններում՝ վարժարանի հեղինակային ծրագրով։

ՀՀ փորձարարական, ոչ պետական առաջին դպրոցն է, որը հիմնադրվել է 1991թ․ սեպտեմբերին (արտոնագիր հ․ 001)։ Վարժարանի շրջանավարտները ստանում են պետական ատեստատ։ Առաջին ուստարում վարժարանը ուներ 49 աշակերտ, 17 ուսուցիչ և 21 շրջանավարտ: Զբաղեցնում էր մոտ 400 քմ տարածք: Ներկայումս շուրջ 3000 շրջանավարտ ունեցող վարժարանի տարրական, միջին և ավագ դասարաններում սովորում է մոտ 1000 աշակերտ։ Գործող 60 դասարաններից երկուսում կրթությունն իրականացվում է Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով, իսկ մյուս 58 դասարաններում՝ վարժարանի հեղինակային ծրագրով։
Վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-12-րդ) դասարաններ: Տարրական և միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը: Վարժարանի ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` հետևյալ հոսքերով.
•    ֆիզիկամաթեմատիկական
•    քիմիակենսաբանական
•    պատմաբանասիրական
•    տնտեսագիտական
•    Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր,
ընդ որում՝ առաջին չորս հոսքերը գործում են 10-րդ դասարանից սկսած, իսկ հինգերորդ` միջազգային հոսքը` 11-րդ դասարանից սկսած:
Հանրակրթության ոլորտում ամենահզոր կազմակերպության՝ Միջազգային բակալավրիատի անդամ «Քվանտը» դարձավ 2011 թ․-ից՝ ստանալով համապատասխան հավաստագիր, այն էլ միանգամից կրթական եռաստիճան ծրագրերից ամենաբարձր աստիճանի` ՄԲ «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով։
ՈՒշագրավ է այն, որ միջազգային հեղինակավոր այդ կառույցի 2021թ հոկտեմբերին իրականացրած համալիր տեսչական գնահատման արդյունքում վարժարանը արժանացավ ամենաբարձր գնահատականի։
Ուսումնական ծրագրերը կազմված են միջնակարգ կրթության և բուհերի ընդունելության ծրագրերի հիման վրա այնպես, որ աշակերտը լրիվ միջնակարգ կրթություն ստանալուն զուգահեռ պատրաստվի նախընտրած բուհի ընդունելության քննություններին:
Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում աշակերտները հանձնում են ստուգարքներ, իսկ վերջում` քննություններ:
Վարժարանում բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն են ստանում խորացնելու իրենց գիտելիքները: 5-12-րդ դասարանի` օգնության կարիք ունեցող աշակերտների համար գործում են դասապատրաստման անվճար խմբեր:
Վերջին տարիներին վարժարանը տալիս է տարեկան 100-120 շրջանավարտ: Նրանց 95%-ից ավելին բուհ է ընդունվում առաջին իսկ տարում, և որպես կանոն` զգալի մասը` անվճար հիմունքներով: Վարժարանում աշխատում է ավելի քան 100 մանկավարժ, որոնցից շուրջ 25-ը գիտությունների թեկնածուներ և դոկտորներ են: Նրանց մի մասը միաժամանակ դասավանդում է ԵՊՀ-ում և հանրապետության այլ բուհերում: Ուսուցիչների մանկավարժական աշխատանքը կազմակերպվում է ըստ առարկայական ամբիոնների:
Վարժարանը հանրապետության առաջին  դպրոցն է, որտեղ 1991 թ-ից սկսած՝ ներդրվեց և փորձարկվեց հոսքային ուսուցումը ավագ դպրոցում, որն էլ դարձավ այսօրվա եռամյա ավագ դպրոցի նախատիպը։ Դեռևս 2002 թ-ին ՀՀ ԿԳ Նախարարի համապատասխան հրամանով վարժարանում իրականացվեց գիտափորձ, որի ընթացքում շուրջ 5 տարի կատարվեց եռամյա ավագ դպրոցի ֆիզմաթ հոսքի ծրագրերի մշակում և փորձարկում, ինչն էլ փաստացի դարձավ այսօրվա եռամյա ավագ դպրոցի նախատիպը։
«Քվանտը» առաջինն էր, որտեղ տարբեր դասարանների համար բոլոր առարկաներից սկսեցին գործել օլիմպիական խմբակներ։ Դրանով հիմնականում փորձ է արվում լուծել մեր երկրում գործող հանրակրթական համակարգի ամենամեծ խնդիրներից մեկը և հնարավորություն տալ աշակերտին ստանալու իր նախասիրություններին և ունակություններին համապատասխան կրթություն, խորացնելու իր գիտելիքները։ Կարելի է ասել, որ վարժարանում գործում է երկրորդ դպրոցը՝ օլիմպիականը, որը փաստորեն ապագա գիտնականների յուրօրինակ դարբնոց է։
Արդյունքները սպասել չտվեցին։ Սկսած 1992թ.-ից` վարժարանի աշակերտները գործուն մասնակցություն ունեն դպրոցականների առարկայական օլիմպիադաներին: Իսկ 1997-1998 ուստարվանից վարժարանը դպրոցականների առարկայական օլիմպիադաների քաղաքային և հանրապետական փուլերի անվիճելի առաջատարներից է։
1998 թվականից վարժարանի սաները մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա, աստղագիտություն, կենսաբանություն առարկաներից փայլուն կերպով սկսեցին հանդես գալ միջազգային օլիմպիադաներում։ 2005թ. «Քվանտի» սան Վահե Մուսոյանը հանրապետություն բերեց առաջին ոսկե մեդալը ինֆորմատիկայի համաշխարհային օլիմպիադայից: ԱՄՆ-ի Ստենֆորդի համալսարանի շրջանավարտ քվանտականը այսօր էլ չի խզում կապը հարազատ կրթօջախի հետ։ Հայրենիքում լինելու դեպքում նա սիրով վարում է վարպետության դասեր վարժարանի օլիմպիականների հետ։
Օլիմպիական ասպարեզում հաղթական ավանդույթները շարունակվում են․ միայն 2021 թվականին տարբեր առարկաների միջազգային օլիմպիադաներից մեր սաները շահել են 23 մեդալ, որից  5-ը՝ ոսկի, 10-ը՝ արծաթ, 8-ը՝ բրոնզ; Նույն թվականին Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում «Քվանտ» վարժարանը ներկայացնող թիմը 22 երկրների ֆիզմաթ թեքումով 105 դպրոցների միջև կայացած պայքարում արձանագրած փայլուն արդյունքի համար թիմային հաշվարկով զբաղեցրեց առաջին տեղը ։ Հաղթական ընթացքը շարունակվեց նաև նույն  թվականին կայացած Մեգապոլիսների օլիմպիադայի բլից տուրնիրում։
1996 թվականից սկսած՝ վարժարանում հիմք դրվեց մի նախաձեռնության, որը հետագայում ծավալվեց և վերածվեց գեղեցիկ ավանդույթի․ խոսքը օժտված երեխաների մրցույթի մասին է։ Օժտված երեխաներ հայտնաբերելու և նրանց հետագա ուսումը հովանավորելու նպատակով ԵՊՀ-ն և վարժարանը 1996-ից սկսած կազմակերպում են մրցույթ 5-9-րդ դասարանների աշակերտների համար։ Մրցույթում հաղթած լավագույն աշակերտները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը։
Տարիներ շարունակ Քվանտի սաները լավագույնն են ճանաչվում նաև ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում; ինչը վկայում է այն մասին, որ քվանտականները իրենց գիտելիքներով և կրթվածությամբ փայլում են ոչ միայն դպրոցում , այլև բուհերում։ Օրինակ՝ 2010 թ. ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի մրցանակաբաշխության 37 մրցանակակիրներից 9-ը (24 %) «Քվանտ» վարժարանի սաներն են, որոնցից երկուսը՝ աշակերտներ, 7-ը՝ տարբեր բուհերի ուսանողներ:
Հետազոտող քվանտականի կերպարի ձևավորմանը մեծապես նպաստող քայլերից մեկն էլ վերջին տարիներին շրջանառության մեջ դրված հետազոտական աշխատանքն է, որը կատարելով՝ բոլոր տարիքային խմբերի քվանտականները առաջին քայլերն են անում գիտության մեջ, ծանոթանում գիտական աշխատանք կատարելու առանձնահատկություններին, գիտական ղեկավարի կարևոր խորհուրդներին հետևելով՝ լրջագույն բացահայտումներ անում։
Հաճախ հետազոտական աշխատանքի ղեկավարներ են լինում ոչ միայն ուսուցիչները, այլև իրենց ոլորտներում կայացած, միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ։
Հետազոտական աշխատանք կատարելու ընթացքում ձեռք բերած հմտությունների շնորհիվ էր, որ 2020 թ․ քվանտական պատանիները ֆիզիկայի ամբիոնի բարձրակարգ մասնագետ Գրիգոր Աղաբաբյանի գիտական ղեկավարությամբ գիտության միջազգային փառատոնին ներկայացրին չափազանց հետաքրքիր թեմա՝ «Հոտերի տարբերակում արհեստական բանականության կիրառմամբ» և իրենց ստեղծած սարքով՝ հոտեր տարբերակող «Արհեստական քթով»  փայլուն հաղթանակ տարան Միջազգային գիտատեխնիկական փառատոնի նախ՝ Հայաստանյան, ապա միջազգային փուլում՝ աշխարհի տարբեր երկրների բազմաթիվ թիմերի շարքում զբաղեցնելով պատվավոր 4-րդ մրցանակային տեղը “EMBEDDED SYSTEMS” անվանակարգում և ևս մի փառահեղ հաղթանակ ավելացնելով «Քվանտ» վարժարանի 30-ամյա պատմության մեջ։
Վարժարանի նորարարական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում «Ինֆորմատիկան և տեղեկատվական տեխնոլոգիաները դպրոցում» թեմայով կատարած բազմաթիվ աշխատանքները: Այս ոլորտում «Քվանտը» հանրապետության անվիճելի առաջատարն է: 1997 թ.-ից սկսած` վարժարանը «ՏՏ-ն դպրոցում» թեմայով շահել և հաջողությամբ իրականացրել է տեղական ու միջազգային բազմաթիվ դրամաշնորհային և տենդերային աշխատանքներ:
Վարժարանի մի խումբ աշխատակիցներ առաջինն էին, որոնց մտահղացմամբ 1997-2002թթ. մոդելավորվեցին և ստեղծվեցին սկզբունքորեն նոր տիպի համակարգչային ակտիվ կրթական միջավայրեր՝ ֆիզիկայի վիրտուալ և մաթեմատիկայի թվային լաբորատորիաներ։ Այդ միջավայրում աշակերտը ոչ թե պասիվ սովորող է, այլ ակտիվ հետազոտող, փորձարար։ Այդ ոլորտում ունեցած ձեռքբերումների շնորհիվ էր, որ 2000թ. վարժարանի տնօրենը հրավիրվեց Մոսկվա` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաները դպրոցում» թեմայով գիտաժողովին։
Հանրապետության կրթական ոլորտում վարժարանի ամենազգալի ներդրումներից մեկն էլ ինֆորմատիկա առարկայի  դասավանդման և տեղեկատվական  տեխնոլոգինաները հանրակրթական դպրոց ներդնելու «Արագած» անունը կրող ծրագիրն է:
Վերջին տարիներին վարժարանում հրատարակվել են ավանդական և էլեկտրոնային շուրջ 50 ուսումնական ձեռնարկներ։
Վարժարանում ստեղծված վիրտուալ որոշ լաբորատորիաներ և էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ` բովանդակային հարստությամբ և տեխնիկական նորամուծություններով, այսօր էլ համարվում են չգերազանցված ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Այդպիսի վերջին աշխատանքներից են 2009 թ. Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում մրցութային հիմունքներով, ռուսական հայտնի 1C ընկերության հետ համատեղ ստեղծած անգլերենի և ռուսերենի` հայկական դպրոցների 7-9–րդ դասարանների աշակերտների համար նախատեսված  Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկները։
Հիմնադրման առաջին իսկ օրվանից վարժարանում մեծ ուշադրություն է դարձվում միջազգային կապերի ձևավորմանը: Վարժարանը Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի Միջերկրածովյան ինստիտուտի հիմնադիր անդամ է: Վերջինիս հետ համատեղ 2010 թ-ին Հայաստանում անցկացվեց նանոֆոտոնիկայի և ֆոտովոլտայիկայի  II միջազգային դպրոցը, որին ներկա էին 12 երկրների շուրջ 90 մասնակից:  դրա հաջող իրականացումն էլ պարբերաբար կազմակերպվող հետագա միջոցառումների, միջազգային դպրոցների, գիտաժողովների հիմքը դարձավ։ Երկու տարին մեկ կազմակերպվում են նմանատիպ միջոցառումներ։
Այս և այլ միջոցառումների շրջանակում Քվանտը մշտապես հյուրընկալել է բազմաթիվ անվանի մարդկանց: Վարժարանի հյուրերի շարքում եղել են Լուսնի վրա երկրորդը ոտք դրած տիեզերագնաց Բազ Օլդրինը, ակադեմիկոսներ Ալեքսեյ Սեմյոնովը և ԱՆդրեյ Վառլամովը, պրոֆեսորներ Ալեքսեյ Կավոկինը, Բորիս Կոմրակովը և այլք:
Վարժարանը գործընկերային հարաբերություններ ունի Մոսկվայի կրթական նոր տեխնոլոգիաների ինստիտուտի, Մոսկվայի վերապատրաստման ինստիտուտի, կրթության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով Յունեսկօ-ի մոսկովյան ինստիտուտի, ինչպես նաև ԱՄՆ-ի,Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի մի շարք դպրոցների հետ։ «Քվանտի» հիմնադիրների գիտական կապերը իհարկե չէին կարող ազդեցություն չունենալ վարժարանի միջազգային կապերի վրա։
    Ի թիվս այլ ձեռքբերումների՝ հարկ է նշել, որ «Քվանտ» վարժարանը Հայաստանում միակ դպրոցն է, որը Քեմբրիջի գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից ստացել է Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների ընդունելության քննություններ իրականացնելու բացառիկ իրավունք: Հպարտությամբ պետք է փաստենք, որ Օքսֆորդի համալսարանի կողմից արտասահմանցի ուսանողներին ամեն տարի հատկացվող երկու անվճար տեղերից մեկը վերջին երկու տարիներին զբաղեցնում են հենց մեր սաները: սա ևս Քվանտի գեղեցիկ ավանդույթներից մեկն է դարձել:
    Վարժարանի միջազգային կապերի ձևավորման հարցում քիչ չէ նաև մեր շրջանավարտների ներդրումը: Մասնավորապես 2010թ. Վահե Մուսոյանը ճանաչվեց Ստենֆորդի համալսարանի լավագույն շրջանավարտ, ինչի առիթով վարժարանի տնօրենը հրավիրվեց Ստենֆորդ և արժանացավ Ֆրեդերիկ Թերմանի անվան հեղինակավոր մրցանակին:
    Վստահելի գործընկերոջ անունը «Քվանտի» գլխավոր կապիտալն է, իսկ դրա լավագույն գրավականը մեր սաներն են, որոնք այսօր ներկայացնում են Քվանտը աշխարհի առաջատար համալսարաններում՝ Օքսֆորդում, Քեմբրիջում, Մասաչուսեցի տեխնոլոգիական ինստիտուտում, Ստենֆորդում, Լոնդոնի համալսարանական քոլեջում և այլուր՝ կարճ ժամանակահատվածում համալրելով վերոնշյալ համալսարանների լավագույն ուսանողների շարքերը:
Վարժարանում ուսումնադաստիարակչական գործընթացի անքակտելի մասն են կազմում տարաբնույթ մրցույթները, մշակութային, մարզական միջոցառումները և ավանդական արշավները։
Վարժարանի ուսումնադաստիարակչական ծրագրերի մեջ իր ուրույն տեղն ունի «Էթնիկ-էքսպո» միջդասարանական մրցույթ-ցուցահանդեսը: Ցուցահանդեսի օրը, լինելով յուրաքանչյուր դասարանում, իսկապես կարող ես քեզ զգալ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պորտուգալիայում կամ մեկ այլ երկրում:
«Քվանտ» վարժարանում մեծ թիվ են կազմում երգեցողության, երաժշտական գործիքների, ասմունքի, պարի և նկարչության նկատմամբ առանձնակի սեր ունեցող աշակերտները: Ֆիզիկայի ուսուցչուհի Բ. Դավթյանի ջանքերով ամեն տարի կազմակերպվում և իրականացվում է «Որոնում ենք տաղանդներ» մրցույթը, որի տարբեր անվանակարգերում հաղթած քվանտականները ներկայանում են գալահամերգին՝ մշակութային լիցքեր հաղորդելով վարժարանի մյուս աշակերտներին և ուսուցիչներին:
2019 թ․ վարժարանում սկիզբ դրվեց մի հիանալի նախաձեռնության։ Մայրենիի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները պատրաստում են գրքեր, ապա կազմակերպում ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության։
2022թ․ շուրջ 300 գրքի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն հարյուր հազար դրամ, տրամադրվեց Շենգավիթ վարչական շրջանի՝  44-օրյա պատերազմում զոհված 11 հայորդիների ընտանիքներին։
2018 թ․-ից վարժարանում գործում է «Քվանտ» մեդիա կենտրոն, որի հիմնական նպատակը սովորողներին մեդիագրագիտության առանձնահատկություններին ծանոթացնելն է։ Կազմակերպվում են դասընթացներ՝ «Հաղորդավարություն», «Լրագրություն», «Օպերատորություն», «Մոնտաժ» առարկաներից։ Եվ ամենատպավորիչն ու բացառիկն այն է, որ այդ դասընթացների ժամանակ որպես ուսուցիչ հանդես են գալիս ավագ դասարանների սովորողները, որոնք իրենց հմտությունները փոխանցում են կրտսեր քվանտականներին։ Քվանտ մեդիա կենտրոնի նախաձեռնությամբ արդեն իսկ իրականացվել են մի շարք նախագծեր․ Յութուբում բացվել է վարժարանի նոր ալիք, և ներկայացվում է հաղորդումների շարք, որոնցում լուսաբանվում են քվանտականների բազում հաղթանակներն ու նվաճումները։
«Քվանտը» միակ դպրոցն է, որը 1997թ.-ից նախնական զինվորական պատրաստության (ՆԶՊ) դասերն սկսեց  անցկացնել ռազմամարզական հավաքների տեսքով: Վարժարանի սոցիալ-հոգեբանական ծառայության ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ դասերի այդօրինակ կազմակերպումը շատ արդյունավետ է հատկապես ռազմահայրենասիրական դաստիարակության առումով և անհամեմատելի է ավանդական մեթոդների հետ:
2002 թ-ին ՀՀ ԿԳՆ և Պն-ի կողմից ուսումնասիրվեց ու փորձ արվեց տարածելու այդ նորամուծությունը։ Առողջ միտք, առողջ մարմնում։ «Քվանտի» հաղթաթղթերից մեկը այդ արտահայտության կարևորության գիտակցումն է։ Այդ է պատճառը, որ մեր սաները ամառային ճամբարում խելացիորեն համատեղում են ՆԶՊ-ն, ֆիզդաստիարակության և այլ առարկաների ուսուցումը։ Համատեղ 2 շաբաթ ապրելու առկա դժվարությունները միասին հաղթահարելու պայմաններում, աշակերտները միմյանց նկատմամբ ավելի ուշադիր, սրտացավ ու հոգատար են դառնում։ Լավ են ճանաչում ու հասկանում իրար։
Չափազանց մեծ է վարժարանի նորարարական գործունեության դերը հանրակրթության ոլորտում, հատկապես ինֆորմատիկա առարկան և տեղեկատվական տեխնոլոգիաները հանրակրթական դպրոցում ներդնելու, նաև օլիմպիական շարժման  գործում։ Դա աննկատ չի մնացել, և «Քվանտը» մշտապես արժանացել է տարբեր պարգևների ՀՀ Նախագահի, վարչապետի, կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և այլոց կողմից։ Մասնավորապես կրթության բնագավառում ակնառու նվաճումների համար տնօրեն Ռ. Վարդանյանը պարգևատրվել է ԵՊՀ «Ոսկե մեդալով», իսկ 2006թ. ՀՀ նախագահի հրամանով ստացել է վաստակավոր մանկավարժի կոչում: 2015 թ. կրթության ոլորտում ունեցած վաստակի համար վարժարանի քիմիայի ամբիոնի վարիչ Վիտուշ Սարգսյանը ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչում: «Քվանտի» 15-ամյակի կապակցությամբ կրթության ու գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար ՀՀ ԿԳՆ-ի կողմից վարժարանը ստացել է «Ոսկե հուշամեդալ»: ՏՏ ոլորտում վարժարանի բազմաթիվ ձեռքբերումների բարձրագույն գնահատականն իհարկե ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Ա. Դարպասյանի` 2010թ. ՀՀ նախագահի կողմից «Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրումն էր:
Նոր ծրագրեր` ավելի համարձակ ու արդիական, անշուշտ, կան: Դրանց մի մասը ընթացքի մեջ են, մյուս մասը` սաղմնային վիճակում: Խորապես համոզված ենք, որ ժամանակի հետ դրանք բոլորն էլ իրականություն կդառնան: