12.09.2017
Սեպտեմբերի 11-ը շատերի համար սովորական, իսկ «Քվանտ» վարժարանի միջին և ավագ դպրոցի սաների համար՝ նոր ուսումնական տարվա դասերի մեկնարկն էր։ Աշակերտներին տնօրինության անունից ողջունեց Արաքսյա Սիմոնյանը։ Նա մատնանշեց նախորդ ուստարվա ընթացքում քվանտականների հաջողությունները։ «Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և է՛լ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ և կոչ անում հենց այսօրվանից լծվել նոր գիտելիքների կուտակման գնահատելի և շնորհակալ գործին: Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ նոր հաղթանակներ են սպասվում», իր խոսքում նշեց Ա․ Սիմոնյանը:
Ավանդույթի համաձայն այս օրը հանրագումարի են բերվում նախորդ ուստարվա արդյունքները և պարգևատրվում են առավել արժանավորները՝ դառնալով վարժարանի «Լավագույն աշակերտ» և «Լավագույն շրջանավարտ» մրցանակակիրներ։ Այս տարի այդ պատվավոր մրցանակներին արժանացան հինգ քվանտական․ «Լավագույն շրջանավարտ – Քվանտ 2017» անվանակարգում հաղթող ճանաչվեց հանրապետական և միջազգային օլիմպիադաների բազմակի մեդալակիր Համլետ Միքայելյանը, «Լավագույն աշակերտ – Քվանտ 2017» անվանակարգում հաղթեցին տարիներ շարունակ վարժարանի պատիվը ազգային և միջազգային մրցույթներում բարձր պահած Ալեքսանդր Կարալյանը, Աննա Մոսոյանը, Միքայել Եղիազարյանը և Արեգ Գրիգորյանը։