14.05.2019
«Քվանտ» վարժարանը մշտապես եղել է և կա հարազատ ու սիրելի անկյուն բոլոր քվանտականների համար։ Դրա վկայությունն է տարբեր տարիների շրջանավարտների պարբերական այցելությունները հարազատ կրթօջախ։ Բացառություն չէ նաև վարժարանի լավագույն շրջանավարտներից մեկի՝ Վահե Մուսոյանի այցը։
Աշխարհում մրցունակ մասնագետ դարձած քվանտականը իր մասնագիտական կայացման հարցում մեծապես կարևորում է «Քվանտի» դերը և խորին երախտագիտությամբ հիշում ուսումնառության տարիները վարժարանում։ Հենց այդ տարիներին ստեղծվեցին այն անհրաժեշտ նախադրյալները, որոնց շնորհիվ Վահեն 2005թ․ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացավ Ոսկե մեդալի՝ արձանագրելով մեր հանրապետությունում առաջին և մինչև օրս չգերազանցված արդյունքը։ Հենց վարժարանում ձեռք բերած գիտելիքների, հմտությունների շնորհիվ 2010թ. ճանաչվեց Ստենֆորդի համալսարանի լավագույն շրջանավարտ, ինչի առիթով վարժարանի տնօրեն Ռ․ Վարդանյանը՝ որպես Վահեի ուսուցիչ, հրավիրվեց Ստենֆորդ և արժանացավ Ֆրեդերիկ Թերմանի անվան հեղինակավոր մրցանակին:
Այսօր Վահեն աշխատում է ԱՄՆ հեղինակավոր կազմակերպություններից մեկում և ամեն անգամ՝ հայրենիք այցելելիս, առաջին հերթին լինում է հարազատ կրթօջախում, իր արձանագրած հաջողությունների մասին պատմում սիրելի ուսուցիչներին։
Այս անգամ ևս Վահեի այցելությունը վերածվեց իսկական տոնի։ Նրա առաջին հանդիպումը 5-6-րդ դասարանների սովորողների հետ էր․ Վահեն պատասխանեց երեխաների հարցերին, ապա եղավ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող աշակերտների լսարանում, խոսեց միջազգային հարթակում իր անցած ճանապարհի մասին, տվեց անհրաժեշտ խորհուրդներ։
Չափազանց ընդգրկուն և նախատեսածից երկարատև էր Վահեի հանդիպումը վարժարանի 9-11-րդ դասարանների սովորողների, մասնավորապես ինֆորմատիկայի օլիմպիական խմբակի աշակերտների հետ։ Վահե Մուսոյանը վարպետության բացառիկ դաս անցկացրեց նրանց հետ՝ իր համեստ ու լուսավոր կերպարով, պայծառությամբ ու իմացածը փայլուն սովորեցնելու հմտություններով մեծապես ոգևորելով պատանի քվանտականներին։
Ուզում ենք հավատալ, որ Վահեի՝ իր իսկ ջանքերի շնորհիվ լրջագույն հաջողությունների հասնելու և աշխարհի մասշտաբով մրցունակ մասնագետ դառնալու փայլուն օրինակը չափազանց կոգևորի մեծ կյանքի շեմին գտնվող պատանի քվանտականներին։