05.11.2018
«Քվանտ» վարժարանի՝ միջազգային ծրագրով սովորած ևս մեկ շրջանավարտ հնարավորություն ստացավ իր ուսումնառությունը շարունակելու աշխարհի կրթական առաջատար հաստատություններից մեկում՝ Օքսֆորդի համալսարանում։ Խոսքը Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 2018թ․ շրջանավարտ Միքայել Եղիազարյանի մասին է։ Գիտական հզոր մտքի տեր քվանտականը իր տքնաջան ու ծանր աշխատանքի, բարձր գիտակցումի, պարտաճանաչ և իր իսկ անձի հանդեպ դրսևորած բծախնդիր վերաբերմունքի շնորհիվ մի շարք հաջողություններ արձանագրել էր մինչև Օքսֆորդ մեկնելը։ Ֆիզիկա առարկայի միջազգային օլիմպիադաներում Միքայելի ունեցած նվաճումները ոչ միայն ոգևորեցին ու արժանիորեն գնահատեցին նրա փայլուն աշխատանքը, այլև խթան դարձան՝ արձանագրելու նոր ու տպավորիչ հաղթանակներ գիտակրթական ասպարեզում։ Դեռ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով ուսումնառությունը չավարտած՝ հունվար ամսին, իր գերազանց որակների շնորհիվ նա փայլուն անցավ Օքսֆորդի համալսարանի կողմից կազմակերպված օնլայն հարցազրույցը և համալրեց այն սակավաթիվ պատանիների շարքը, որոնք հնարավորություն են ունենում կրթությունը շարունակելու աշխարհի առաջատար համալսարաններից մեկում։
Այսօր Միքայելն արդեն Օքսֆորդի համալսարանում է և արժանապատվորեն ներկայանում է որպես քվանտական՝ դրսևորելով քվանտականին արժանի գերազանց որակներ։ Նրան մաղթենք նորանոր հաղթանակներ ու նվաճումներ և հավատով սպասենք այն օրվան, երբ նա՝ իբրև մրցունակ մասնագետ, կվերադառնա հայրենիք՝ իր սովորածը ծառայեցնելու մեր երկրի ծաղկման սրբազան գործին։