ՍԻՐՈ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ ՄԵԾԱՆՈՒՆ ՀԱՅԻՆ

04.10.2018

Արդեն մի քանի օր է՝ ողջ աշխարհը ցնցված է արվեստի վառ ու պայծառ ներկայացուցիչ, համաշխարհային հռչակ վայելող իսկական հայ Շառլ Ազնավուրի մահվան բոթից։ Այդ սոսկալի լուրը չափազանց ծանր ազդեցություն է ունեցել նաև «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտուհի Զինաիդա Բարսեղյանի վրա։ Հենց նա է այն պատմվածքի հեղինակը, որ գրվել է աշխարհահռչակ շանսոնյեի մահվան գույժը լսելուց ժամեր անց։


ԱՆՎԵՐՆԱԳԻՐ
(Նվիրվում է Շառլ Ազնավուրի պայծառ հիշատակին․․․)

Շուրջը ամեն ինչ հանկարծ ցրտեց։ Հանկարծահաս սառնամանիքը ստիպեց խախտել անվրդով քունը և բացել սև աչքերը։ Ալեհեր էր, ինքն էլ, քիչ-քիչ գլորվելով ծերության մեջ, կորցրել էր նախկին դիմագծերն ու ճկունությունը։ Միայն աչքերն էին, որ այդպես էլ չանցան ժամանակի անգութ սրի տակով։ Գուցե ճիշտ է ասված, որ աչքերը մարդու հոգու հայելին են․ չգիտեմ, գուցե դրանք սոսկ բառեր են, որոնք չունեն նշանակություն։ Բայց արժե միայն նայել Շառլ Ազնավուրի աչքերի մեջ, որ բոլոր կասկածները փարատվեն։ Աչքեր, որոնք կյանքում տեսել են գրեթե ամեն ինչ և դեռ լի են եռանդով ու հետաքրքրասիրությամբ։ Աչքեր, որոնք ունեին ֆրանսիացու չափվածություն ու հայի եռանդ, քրիստոնյայի հավատ և մանկան անմեղություն։
Այդ աչքերի տերը, որ բեմին նայելիս զգում էր հարազատություն, այժմ ապրում էր անհասկանալի մի զգացմունք։ Փարիզի իր հարմարավետ անկողնու փոխարեն հայտնվել էր մի բլրի վրա։ Հոնքերը կիտելով՝ շանսոնյեն նայեց շուրջը։ Երազ չէ։ Փակեց աչքերը։ Խոր շունչ քաշեց և ժպտաց, ապա կրկին բացելով՝ ասաց հարազատ մի բառ՝ Հայաստան։
Նա ապշեց․«Ինչպե՞ս թե, հայերե՞ն»։ Մտածեց ինքն իրեն, բայց այլևս չանհանգստացավ․ առավոտյան աղմուկը կամ գուցե մայրամուտը գերել էր նրան։ Երգիչը չէր կարող վստահ լինել՝ ժամանակը կանգ էր առել։ Այնուամենայնիվ, տեսարանով գերված՝ լուռ քայլում էր, երբ զգաց ինչ-որ մեկի ներկայությունը։ ՆԱ այնտեղ էր։
- Վայելի՛ր պահը, Շա՛ռլ, վայելի՛ր, - ասաց խորհրդավոր ձայնը հետևից։
Ազնավուրը շրջվելով տեսավ մի մարդու՝ ոտքից գլուխ սև հագած, ձեռքին սև արծաթափայլ ձեռնափայտ։ Անծանոթը գլխով արեց, ապա կանգնեց մեծն երգչի կողքին։ Շառլը կրկին հայացքը թեքեց դեպի հայոց սարերը և ասաց․
-Մահացել եմ։
ՆԱ պարզապես նայեց Շառլին, ապա տխուր ժպտալով՝ գլխով արեց։ Տիրեց լռություն, ապա կրկին լսվեց շանսոնյեի ձայնը։
-Իսկ ի՞նչ է սպասում ինձ հետո։
-Ազնիվ քրտինքով վաստակած դրախտը, -պատասխանեց ՆԱ։
-Իսկ մնացա՞ծը, զավակնե՞րս, թոռնե՞րս։
-Նրանց դու միայն հիշել կարող ես։
Ազնավուրը հառաչեց․«Ծնող՝ զրկված զավակներից․ մի՞թե աշխարհում կա ավելի չարաբաստիկ ավարտ»։ Կրկին լռություն։ Միայն թռչունների երգն ու անտառի դալկահույզ խոսքը։
-Ինձնից մի՛ նեղացիր․ պարզապես քո ժամն էր եկել։
Շառլը ոչինչ չասաց․ հուզված աչքերում կուտակված արցունքների միջից նայեց ՆՐԱ աչքերի մեջ և խոնարհեց գլուխը։
-Դե, մի՞թե հարիր է քեզ գլուխ խոնարհելը։ Բնավ։ Սա կյանքն է, ընկե՛րս։ Մահը միակ բանն է ամբողջ աշխարհում, որ կյանքին իմաստ է տալիս, -ապա խոր հառաչեց և ազատ ձեռքով գրկելով երգչին՝ ավելացրեց․- դու արդեն անցար քո ճանապարհը։ Յուրաքանչյուրի կյանքում գալիս է պահը, երբ պետք է ազատել արահետը։ Քո վիճակը սովորական է։ Ծնվում ենք ակամա, ապրում զարմացած․․․
-Մեռնում կարոտով, -ավարտեց Նրա միտքը Շառլը, երբ նրա թառամած մաշկի վրայով սահեց վերջին արցունքը։ Այն ընկավ գետնին և սնուցեց հողը, նրա մայրենի հողը։
-Այժմ հասկանում ես ազգակցիդ խոսքերը, այնպես չէ՞։
Դառնորեն ժպտալով՝ Ազնավուրը նայեց անտառից դուրս եկած ձիերի մի երամակի։ Այնտեղ կար մի քուռակ, որն առանձնահատուկ կերպով գերեց ֆրանսահային։ Քուռակը, մոր պոչից բռնած, վազում էր, ապա երբ հայացքը դիպավ Շառլ Ազնավուրին, բարձրացավ բլրակը և համարձակորեն վազեց նրա մոտ։ Շառլը չոքեց նրա առաջ և գրկեց ասես հարազատի։ Մտրուկը իր բարակ պարանոցով փաթաթվեց շանսոնյեի հյուծված մարմնին։
-Դու արի, ես գնամ, - շշնջաց Շառլն այնպես, որ լսել կարող էր միայն քուռակը։ Հանկարծ Ազնավուրը զգաց, որ իր ձեռքերում պատսպարված քուռակը անէացավ։ Բացեց աչքերը, երբ հանկարծ տեսավ, որ վաղուց լքել է իրեն ծանոթ դարձած իրադրությունը և սավառնում է երկնքում գրեթե լույսի արագությամբ։
-Ու՞ր ենք գնում, - հարցրեց Շառլը ՆՐԱՆ։ ՆԱ միայն ժպտաց ու ասաց․
- Փակի՛ր աչքերդ։
Երգիչը, լսելով նրա հրամանը, կրկին փակեց աչքերը։ Մի քանի վայրկյան տևած սարսափելի լռությունից հետո նա ոտքերի տակ կրկին ամուր հող զգաց և լսեց խուլ ձայն․
- Եվ այժմ, դիմավորե՛ք, Ֆրանսիայի Ֆրենկ Սինատրա, հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրին։
Բացեց աչքերը և զարմանքից քարացավ․ չկային ո՛չ կնճիռները, ո՛չ լսողության սարքերը․ նա կրկին երիտասարդ էր, երբ բացվեցին բեմի վարագույրները, և հանդիսատեսը խլացրեց Շառլին իր բուռն ու անդադար ծափահարություններով։ Այդ պահին երգիչը ժպտաց, և ինքն իր հարցին պատասխանեց․
-Տուն։