11.09.2018
Ուսումնական տարվա մեկնարկը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ։
Սովորողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, նրանց խրախուսելու, մյուսներին էլ ոգևորելու համար վարժարանում արդեն ավանդույթ է դարձել պարգևատրել նախորդ ուստարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին։ Այս տարին բացառություն չէր։ Սահմանված անվանակարգերը բազմազան էին։
Տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ունեցած փայլուն նվաճումների համար վարժարանի այս տարվա շրջանավարտ Ալեքսանդր Կարալյանը ճանաչվեց «Լավագույն շրջանավարտ»։
«ՄԲ լավագույն արդյունք» անվանակարգի հաղթող ճանաչվեց Օքսֆորդի համալսարան ընդունված Միքայել Եղիազարյանը։
Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում արձանագրած հաջողությունների համար 10-2 դասարանի աշակերտ Խաչատուր Դալլաքյանը դարձավ «Տարվա լավագույն աշակերտ»։
Մի քանի առարկաներից հանրապետական օլիմպիադաներում ցուցաբերած գերազանց արդյունքների, միջազգային օլիմպիդայում ստացած ոսկե մեդալի համար «Տարվա լավագույն աշակերտ» ճանաչվեց Ալեքսանդր Աբելյանը։
«Լայն մտահորիզոն» խրախուսական անվանակարգի հաղթողի կոչմանը արժանացավ 10-2 դասարանի աշակերտ Սիփան Հովսեփյանը։
Ուսումնառության բոլոր տարիներին ցուցաբերած բարձր առաջադիմության, ծավալած հասարակական ակտիվ գործունեության համար ՄԲ շրջանավարտներ Սերինե Նազարյանը և Կարլեն Ավագյանը ճանաչվեցին «Ակտիվ քվանտական» անվանակարգի հաղթողներ։
Նորանոր հաջողություններ, նվաճումներ մաղթենք բոլոր մրցանակակիրներին։ Թող նրանց օրինակը վարակիչ լինի բոլորի համար։