«Կողբ» հիմնադրամը՝ օժտված քվանտականների կողքին

19.12.2017

Սկսած իր հիմնադրման օրվանից՝ 2013 թ․-ից,  «Կողբ» հիմնադրամը «Քվանտ» վարժարանի կողմից կազմակերպվող «Օժտված երեխաների» մրցույթի հաղթողների կողքին է։ Մրցույթում հաղթող ճանաչված աշակերտներից լավագույններն արժանանում են հիմնադրամի կողմից սահմանված կրթաթոշակին, որն էլ լրացուցիչ խթան է հանդիսանում նրանց հետագա հաջողությունների համար։
Ս/թ դեկտեմբերի 15-ին «Քվանտ» վարժարանում հյուրընկալվեց «Կողբ» հիմնադրամի տնօրեն Արթուր Աբովյանը, ով «Օժտված երեխաներ – Քվանտ 2017» մրցույթում հաղթող ճանաչված և հիմնադրամի կրթաթոշակին արժանացած քվանտականներին հանձնեց գումարները և կրթաթոշակի հավաստագրերը։ Այս տարի կրթաթոշակին արժանացել են վեց աշակերտներ՝ Կարախանյան Տիգրանը, Կարալյան Ալեքսանդրը, Արզումանյան Լորետան,  Սաղեյան Սոնան, Պարզյան Ռազմիկը և Դաղբաշյան Արմանը։
2013 թվականին հիմնադրված և իր ակտիվ գործունեությունը 2014 թ․-ից ծավալած հիմնադրամը ստեղծվել է՝ Հայաստանում կրթության, մշակույթի և սպորտի զարգացմանն աջակցելու նպատակով: www.koghb.com կայքը հնարավորություն է տալիս անհատներին և կազմակերպություններին առցանց ստանալու և տրամադրելու ֆինանսական և այլ աջակցություն՝ կրթամշակութային նախագծերի կյանքի կոչման նպատակով: Հիմնադրամը իր գործունեության ընթացքում արդեն հասցրել է կյանքի կոչել տասնյակ երիտասարդների և պատանիների երազանքները, որոնք առնչվում են կրթական և մշակութային բնագավառներին։
Հպարտությամբ նշենք, որ «Կողբի» հիմնադիր խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը «Քվանտ» վարժարանի առաջին շրջանավարտներից է (1991-1992 ուստարի) և վարժարանի առաջին ոսկե մեդալակիրը: Տնօրենության կողմից եզրափակիչ խոսքում փոխտնօրեն Լևոն Ասատրյանը նշեց, որ Արման Բարսեղյանի և «Կողբ» հիմնադրամի նախաձեռնությունը «վարակիչ» է դարձել, և այսօր մի շարք շրջանավարտներ պատրաստակամություն են հայտնել աջակցելու օժտված երեխաներին։
Հիշեցնենք, որ ամեն տարի վարժարանի կողմից կազմակերպվող օժտված երեխաների մրցույթը հանրապետության մայրաքաղաքից և տարբեր մարզերից եկած տասնյակ աշակերտների հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ընդունվելու վարժարան և ստանալու որակյալ կրթություն, ինչն էլ պարարտ հիմք է հանդիսանում նրանց կյանքի հետագա հաջողությունների համար։