28.11.2017
Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, ԵՊՀ դասախոս, ֆիզմաթ գիտ․ թեկնածու Արմեն Օսկանյանը երկար տարիներ «Քվանտում» ֆիզիկա է դասավանդել: Նա մեծագույն սիրով ու նվիրումով անցկացնում էր վարժարանի աստղագիտության օլիմպիական խմբակի պարապմունքները: Նրա սաները միջազգային օլիմպիադաներից միշտ հաղթանակած էին վերադառնում` պատիվ բերելով և´ իրենց ղեկավարին ու դպրոցին, և´ ողջ հանրապետությանը: Բացառիկ արդյունքների համար Օսկանյանը ճանաչվեց բնագիտության լավագույն ուսուցիչ` արժանանալով ՀՀ կրթության նախարարության սահմանած առաջին մրցանակին: Վերջին միջազգային օլիմպիադան Ղրիմում էր, 2004 թ. դարձյալ ավարտվեց մեր սաների բացարձակ հաղթանակով: Սակայն դա վերջինն էր նաև Օսկանյանի ու նրա լավագույն սաներից մեկի` Արտակ Պեպոյանի համար: Իր սաներից 2-ին ծովում խեղվելուց փրկեց, բայց չկարողացավ հասնել երրորդին, ու սիրտը չդիմացավ: Ծովի նման հախուռն այդ մարդը գնաց դեպի իր տարերքը` ծովը, գնաց անդառնալի…
Նրա մահից հետո վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ ամեն տարի «Քվանտում» անցկացվում է Արմեն Օսկանյանի հիշատակին նվիրված օլիմպիադա տարբեր առարկաներից:
Ս/թ նոյեմբերի 26-ին՝ կիրակի օրը, վարժարանում ակտիվ եռուզեռ էր․ այդ օրը տեղի ունեցավ հուշամրցույթի առաջին փուլը՝ մաթեմատիկա, հայոց լեզու, աշխարհագրություն, քիմիա առարկաներից։ Հաջորդ կիրակի օրը՝ դեկտեմբերի 3-ին, տեղի կունենա օլիմպիադայի հաջորդ փուլը՝ ֆիզիկա, կենսաբանություն, ինֆորմատիկա, անգլերեն, գրականություն, պատմություն առարկաներից։