09.10.2015
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրներում տոնում են Ուսուցչի օրը: Սա մի օր է, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների` հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Իհարկե, «Քվանտ» վարժարանում տոնը նշվեց ըստ արժանվույն: Օրը սկսվեց այս ուստարում վարժարանի անձնակազմին միացած ուսուցիչների երդման արարողությամբ. նրանք, ընտրելով մատաղ սերնդի կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու և պատվաբեր ճանապարհը, հանդիսավոր երդվեցին պատվով կրել Ուսուցչի բարձր և վեհ կոչումը: Անկեղծորեն խոստովանեցին, որ էլ ավելի պարտավորեցնող է «Քվանտ» վարժարանի ուսուցիչ լինելը, ուսուցիչ, ով քվանտականին կրթում է ազգային ոգով, հայրենի սրբազան արժեքներով, նրա հոգում սերմանում ազնվություն, բարություն, հայրենասիրություն, մարդասիրություն, աշխատասիրություն և սեր գիտելիքի հանդեպ։ Օրվա խորհուրդն իրենց գեղեցիկ ու հուզիչ միջոցառմամբ ամբողջացրին տարրական դպրոցի սաները երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի ղեկավարությամբ: Լուսավոր դահլիճում տաղանդաշատ քվանտականներն իրենց երաժշտական կատարումներով ողջունեցին ներկաներին, այնուհետև անչափ հուզիչ շնորհակալական խոսքեր ուղղեցին սիրելի ուսուցիչներին, ովքեր դարձել են իրենց հարազատ ընկերն ու բարեկամը: Երկրորդ դասարանցիների ելույթից հետո բեմ բարձրացան թոթովախոս առաջինդասարանցիները` անչափ արտիստիկ երգերով ու խոսքերով շնորհավորելով ուսուցիչներին: Փոքրիկների անկեղծ կատարումները հուզել էին թե' ուսուցիչներին և թե' ծնողներին. չէ՞ որ ընդամենը քսաներկու օր առաջ են նրանք ոտք դրել վարժարան, իսկ այսօր արդեն քվանտականին վայել պատասխանատվությամբ իրենց առաջին խոսքն են ուղղում ուսուցիչներին: Տարվա մեջ ուսուցչի օրը մի յուրօրինակ առիթ է երախտագիտության ու շնորհակալության խոսքեր հայտնելու մեր ուսուցիչներին, գնահատելու և մեծարելու նրանց վաստակը սերունդներին կրթելու գործում: Եվս մեկ անգամ՝ տոնդ շնորհվոր, ուսուցի'չ...