Բարձունքի հաղթահարում` նվիրված Անկախության տոնին

09.10.2015

Սեպտեմբերի 20-ին և 21-ին «Քվանտ» վարժարանի` Աղավնաձորում գտնվող «Ուղեծիր» ճամբարը կրկին մարդաշատ էր. վարժարանի տարրական և միջին դպրոցի աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները դարձյալ քվանտականների համար հարազատ վայրում էին` մասնակցելու դեպի Թեղենիսի հյուսիսային անտառածածկ լանջերն ուղղված ամենամյա արշավին: Վերելքը դժվարին էր, բայց անչափ հետաքրքիր և ուսուցողական: Աշակերտներից ոչ պակաս ոգևորված էին նրանց ծնողները. հատկապես նրանք, ովքեր առաջին անգամ էին գտնվում բնության այս գողտրիկ վայրում, չէին դադարում իրենց հիացմունքն արտահայտել: Հատկանշական է նաև այն, որ վարժարանի ամենակրտսեր սաները նույնպես առանց տրտնջալու հաղթահարեցին բոլոր դժվարությունները: Այս պատասխանատու գործում տարրական դպրոցի դասվարներին և ծնողներին օգնում էին վարժարանի Միջազգային բակալավրիատի սաները: Շուրջ հինգ ժամ տևած արշավից հետո (փոքրիկների համար` ավելի քիչ) վերադառնալով ճամբար` արշավակաները մասնակցեցին մի շարք խաղ-մրցույթների` «Վազք-էստաֆետ», «Պարանի ձգում», որն, ի դեպ, կազմակերպվել էր նաև ծնողների համար, Անկախութան տոնին նվիրված թեմատիկ կավճանկարչություն և այլն: Մրցույթի ավարտից հետո արդյունքներն ամփոփվեցին և տարբեր անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին մրցանականերով և պատվոգրերով: Երեկոյան արշավականները վառ տպավորություններով վերադարձան Երևան: Վարժարանի կազմավորմանը գրեթե զուգահեռ կազմակերպվող ամենամյա արշավները յուրօրինակ հնարավորություն են ընձեռում քվանտականներին` ճանաչելու հայրենի բնությունը, դժվարություններ հաղթահարելու դասընկերների հետ` այդպիսով ամրապնդելով սերը հայրենիքի, հայրենի բնության և ընկերների հանդեպ: «Քվանտ» վարժարանի գիտամանկավարժական խորհրդի որոշմամբ այս տարի արշավները նվիրվեցին Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակին, ուստի օրվա խորհուրդը ամբողջացնելու նպատակով հանձնարարվեց շարադրությունների մրցույթ` նվիրված Անկախության տոնին: