09.10.2015
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, «Քվանտ» վարժարանի տնօրինությունը և աշխատանքային ողջ կոլեկտիվը սրտանց շնորհավորում է բոլորիդ նոր ուսումնական տարվա սկզբի կապակցությամբ: Ուսումնական բոլոր տարիները նման են միմյանց, բայց առանձնահատուկ են յուրովի: 2015-2016 ուստարին առանձնանում է «Քվանտ» վարժարանի շուրջ քառորդդարյա պատմության մեջ: Այսօր վարժարանում մեկնարկում է հերթական, թվով 25-րդ ուսումնական տարին: Անցած երկար ու ձիգ տարիների ընթացքում բարդ ու դժվարություններով լի ճանապարհ են անցել վարժարանի ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտների սերունդները, տքնաջան աշխատանքով հարթվել են մեծ ու մանր դժվարություները, մշակվել և իրականացվել են կրթական քաղաքականության նորամուծությունները, ինչի արդյունքում մեր վարժարանն իրավամբ վաստակել է «Քվանտ – նորարար» պատվավոր տիտղոսը: Հաջողությունները բազմաթիվ են ու բազմազան: Ինչպես և նախորդ տարիներին, այս ուստարվա վերջին ևս մեր շրջանավարտները շռնդալից հաջողություններով հանձնեցին ընդունելության քննությունները և համալրեցին հանրապետության բուհերի՝ իրենց նախընտրած ֆակուլտետների ուսանողների շարքերը՝ շատերը պետպատվերի շրջանակներում: Իսկ «Քվանտ» վարժարանում գործող Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտներն իրենց ուսումնառությունը կշարունակեն Էդինբուրգի, Մյունխենի և աշխարհի մի շարք այլ առաջատար համալսարաններում: Ասենք ավելին. Միջազգային բակալավրիատ համակարգում սովորող 12-րդ դասարանի մեր աշակերտներից Լուսյա Մանուկյանն ու Արման Ղազարյանն մասնակցել են ՏՏ բնագավառում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների 2015 թ. մրցանակաբաշխությանը և արժանիորեն հաղթել «Լավագույն աշակերտ» անվանակարգում: Շնորհավորում ենք: Գնահատելի և ծանրակշիռ են ձեռքբերումները նաև օլիմպիական շարժման ոլորտում: Տարիներ շարունակ քաղաքային և հանրապետական օլիմպիադաներից քվանտականները վերադարձել են հարյուրավոր դիպլոմներով, որոնց մեծ մասը առաջին կարգի, իսկ միջազգային օլիմպիադաներից հանրապետություն բերված դիպլոմների զգալի մասը ևս մեր աշակերտների նվաճումն է: Միայն այս տարի քաղաքային և հանրապետական օլիմպիադաներից «Քվանտի» սաները վաստակել են ընդհանուր հաշվով ութ տասնյակ դիպլոմ, իսկ ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, աստղագիտություն և աշխարհագրություն առարկաներից միջազգային օլիմպիադաների մասնակցած մեր 5 շրջանավարտները հանրապետություն են վերադարձել բրոնզե 4 մեդալներով 1 գովասանագրով: 5 մասնակից և 5 պարգև. հրաշալի է: Հպարտությամբ հնչեցնենք նրանց անունները՝ Ալբերտ Գևորգյան` մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաներից բրոնզե մեդալ, Աշոտ Մաթևոսյան` ֆիզիկայից` բրոնզե մեդալ, աստղագիտությունից` գովասանագիր, Էդուարդ Գրիգորյան`ինֆորմատիկայից` բրոնզե մեդալ: Առանձնահատուկ հպարտությամբ ցանկանում ենք բարձրաձայնել վարժարանի արդեն 10-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Կարալյանի անունը, որը միայն անցյալ տարի ներվարժարանային, քաղաքային և հանրապետական օլիմպիադաներից այնքան շատ և բարձրակարգ դիպլոմներ բերեց (ընդհանուր հաշվով` 16 հատ), որը կբավարարեր մեկ ամբողջ դպրոցի: Հավատում ենք, որ այս տարի արդեն նա կձգտի նաև նվաճել միջազգային օլիմպիադայի մասնակցության ուղեգիր և հնարավորության դեպքում հաստատ դատարկաձեռն չի վերադառնա: Հաջողություն նրան: Սիրելի՛ աշակերտներ, ուսումնակրթական տարատեսակ միջոցառումներին ձեր մասնակցության և ունեցած ակնառու հաջողությունների մասին կարելի է համեստորեն լռել. չէ՞ որ այդ հաջողությունները հենց դուք եք կռել: Բայց ճիշտ ժամանակն է ամփոփել նախորդ ուստարվա 2-րդ կիսամյակում Հայոց մեծ եղեռնի 100-ամյակի առիթով վարժարանի հայոց լեզվի ամբիոնի կողմից հայտարարված շարադրության մրցույթի արդյունքները և պարգևատրել հաղթող աշակերտներին: Մինչ այդ նպատակով խոսքս ամբիոնի վարիչ ընկ. Բայրամյանին փոխանցելը փորձեմ ավարտել ասելիքս: Սիրելի՛ աշակերտներ, մեր համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում ձեռքբերումները ծանրակշիռ են, բայց չի կարելի բավարարվել դրանցով և չձգտել հասնելու ավելիին, քանի որ դուք դա կարող եք: Առաջնորդվելով ձեր ուժերի նկատմամբ ունեցած մեծ հավատով և էլ ավելին սովորելու ձեր պատրաստակամությամբ՝ ամբողջ սրտով մաղթում ենք ձեզ բարի գալուստ մեր կրթօջախ և կոչ անում հենց այսօրվանից լծվել նոր գիտելիքների կուտակման գնահատելի և շնորհակալ գործին: Հավատում ենք, որ «Քվանտ» վարժարանում ձեզ նոր հաղթանակներ են սպասում: Հիշե՛ք, որ լավ սովորելով՝ հաղթում եք դուք, բայց շահում ենք բոլորս: Մաղթենք բոլորիս նորանոր հաղթանակներ: 07.09.2015 «Քվանտ» վարժարանի տնօրինություն