09.10.2015
«Քվանտ» վարժարանի տնօրինության ողջույնի ուղերձը 2015-2016 ուստարվա առաջին դասարանցիներին Սիրելի' աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո' հյուրեր, ուսուցիչնե´ր Այսօր սեպտեմբերի 1-ն է` 2015-2016 ուստարվա առաջին օրը։ Օր, երբ հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր ուսումնական տարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: Սեպտեմբերի 1-ը օրացուցային սովորական օր չէ աշակերտների համար, բայց այն մի առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը առաջին դասարանցիների համար դպրոցի հետ շփման առաջին օրն է, որն ամուր մնում է նրանց հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում` որպես իրենց կենսագրության ամենավառ և հիշարժան պահերից մեկը: Սիրելի՛ առաջին դասարանցիներ, այսօր ձեր կենսագրության հենց այն օրն է, երբ արդեն հրաժեշտ եք տվել մանկապարտեզին և ծնողների ու հարազատների ուղեկցությամբ բռնել եք դպրոցի, ձեր դեպքում «Քվանտ» վարժարանի ճամփան, որն արդեն գործունեության 24-ամյա հագեցած ու ձեռքբերումներով լի ճանապարհ է անցել և ձեզ հետ միասին մեկնարկում է իր հոբելյանական` 25-րդ ուսումնական տարին: Այս պահից սկսած` ձեզ մեծ սիրով և գուրգուրանքով կշրջապատեն ոչ միայն ձեր գիտակ, հմուտ և հոգատար դասվարները, այլև վարժարանի ուսուցչական ու աշակերտական ողջ կոլեկտիվը: Ձեզ համար կարվի առավելագույնը`ձեռք բերելու հիմնարար գիտելիքներ, բավարարելու ձեր աշակերտական հետաքրքրությունները, ձևավորվելու որպես լավ մարդ ու քաղաքացի: Սիրելի' առաջին դասարանցիներ,մենք զգում և գնահատում ենք ձեր սեպտեմբերմեկյան հուզմունքը: Հարազատի իրավունքով առաջարկում ենք ձեզ «Քվանտ» վարժարանն այսուհետև ընդունել որպես ձեր երկրորդ տուն, իսկ ուսուցիչներին` որպես ձեր հոգևոր ծնողներ: Բարի գալուստ «Քվանտ» վարժարան: Բարի գալուստ ձեր երկրորդ տուն: Սեպտեմբերյան այս հիասքանչ տոնին լավագույն բարեմաղթանքներով շնորհավորում ենք բոլորիդ և բարեկամաբար հանձնարարում. ԵՂԵ´Ք ԱՌՈՂՋ, ԱՌՈՒՅԳ, ԱՐԻ, ԼԱ´Վ ՍՈՎՈՐԵՔ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԻ. Շնորհավո՛ր նոր ուստարի: