Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում

03.11.2017

Օրերս «Քվանտ» վարժարանի 6-2 և 5-2  դասարանների դասղեկ Սերգեյ Գորգինովը աշակերտներին ուղեկցեց դեպի Երևանի պատմությունը ներկայացնող «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան։
Այստեղ այցելուները հնարավորություն են ունենում ծանոթանալու մ.թ.ա. 782 թ. հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությանն ու մշակույթին: Ցուցասրահներում ներկայացված են Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի մ.թ.ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում են կարմիր անգոբապատ ցլագլուխ և առյուծագլուխ կավանոթները, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, Էրեբունիի որմնանկարների հատվածները, արծաթե եղջրագավաթները և այլ արժեքներ: Ցուցադրության օրգանական շարունակությունն է կազմում Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդն իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով:
Երեխաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան քաղաքամայր Երևանի պատմությանը, տեսան հուշարձանի ամենակարևոր գտածոն` Էրեբունի քաղաք-ամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը, որը հնամենի Էրեբունի-Երևանի անձնագիրն է:
Ուսուցողական էքսկուրսիայից աշակերտները վերադարձան համալրված գիտելիքներով և մեծ տպավորություններով։