Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ստեղծագործական շարադրության մրցույթ 10.12.2013

Ստեղծագործական շարադրության մրցույթ

«Քվանտ» վարժարանի ուսումնական պլանով նախատեսված հերթական արշավը նվիրված էր ՀՀ Անկախության օրվան, որի առիթով վարժարանում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ՝ «Ես և իմ հայրենիքը» ,«Ես մի ծիլն եմ քո հողի», «Ես մի զարկն եմ քո բազկի» վերնագրերով: Ստորև ներկայացնում ենք լավագույն շարադրությունները:

Հաղթողներին սպասվում են մրցանակներ։

Մրցույթում հաղթողները կորոշվեն աշակերտների, ուսուցիչների և ծնողների ընդհանուր քվեարկության արդյունքում: Ստորև ներկայացնում ենք մրցանակի հավակնող շարադրությունները և սպասում ձեր արձագանքին։ Գնահատել կարող եք այստեղ: Շարադրությունների գնահատման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 25-ը:


Շարադրություն  1
Ես և իմ հայրենիքը
Հաճախ եմ ինքս ինձ հարցնում`որն է հայրենիքը: Վերջերս, փորձելով տալ հայրենիքի սահմանումը,  ես հասկացա` ինչքան փորձում եմ հասկանալ իմաստը խորությամբ, այնքան  ավելի մեծ ուժով է պոռթկում ենթագիտակցական սիրո խոստովանությունը. <<Սիրում եմ քեզ, Հայաստա´ն>>: Սիրում եմ հայրենիքս իր ողջ մաքրությամբ ու արատներով, փառավորությամբ ու նվաստ կարգավիճակով: Նվաստ, որովհետև երբեմնի հզորագույն հայ ժողովրդին թելադրում են նրանք, ովքեր գրեթե վերջերս են ծնունդ առել: Ի~նչ լավ կլիներ, եթե մենք չլինեինք ուրիշի դավադրությունների գործիքը: Ավա~ղ, մենք չենք գիտակցում, թե որն է լավը: Չենք գիտակցում, որ ուրիշի առջև վիզ ծռելով, Եվրոպական ատյաններում հայկական հարցը բարձրացնելով` մենք բարօրություն չենք գտնի: Ոչ ոք մեզ հենց այնպես ազատություն չի շնորհի: Մենք պիտի կերտենք մեր երազանքի կատարյալ Հայաստանը:
Շարունակում եմ` ինքս ինձ հակասելով: Կատարյալ երկիր չի լինում, քանի որ շատ հաճախ հայրենասիրությունը, նվիրվածությունն ու անձնազոհությունը տեղի են տալիս նյութապաշտությանն ու երանելի փառքին: Ուրեմն երկիր կառուցողը հայրենասեր ժողովուրդն է, ոչ թե փառասեր պաշտոնյան: Ես էլ այդ ժողովրդի մասնիկն եմ: 
Ուսումս ավարտելուն պես պայքարելու եմ, ձգտելու եմ վերացնել երկրիցս մուրացկանությունը, գործազրկությունը, տգիտությունն ու ,այո՛, օտարամոլությունը:
Վստահ եմ, որ չեմ լինի հեռացողների թվում: Շատերն են ասել, որ շատ բան ես դեռ չեմ հասկանում ու  ճանապարհիս կեսից կարող է հետ կանգնեմ` թույլ տալով հիասթափությանը ճնշել ազատատենչ ոգիս: Չեմ ուզում ծեծված խոսքեր ասել, խոստումներ տալ, որոնց, հնարավոր է, հավատարիմ չմնամ: Բայց Հայաստանը միայն ես չեմ: Հայաստանը դու ես, նա է, մենք ենք, ու եթե մեզնից յուրաքանչյուրը հասկանա իր սրբազան պարտքը հայրենիքի առջև ու գոնե մի մասը փորձի իրագործել, մենք կունենանք մի հոյակապ երկիր, որի շարժիչ ուժը կլինի հենց ժողովուրդը: Ուրեմն եկեք թույլ տանք զգացմունքներին կառավարել մեզ, եկեք մեր անվերջ հաշվարկներով լի կյանքը դարձնենք իսկապես իմաստալից: Ես սիրում եմ, հավատում,  պատրաստ եմ գործելու, իսկ դու՞ք...







Շարադրություն  2
Ես մի ծիլն եմ քո հողի
Մի քանի օր առաջ երջանիկ առիթ ունեցա Երևանից Վանաձոր մեկնելու ավտոմեքենայով: Կա՞ արդյոք ավելի ճոխ, շքեղ եղանակ՝ համեմատելու աշնան հետ: Ավտոմեքենայի երթին համընթաց փոխվում էին աշնան ներկապնակի գույները՝ դեղնականաչ, կանաչ, նարնջագույն, կարմրադեղին, ալ կարմիր: Գույների մոլեգին խաղ՝ լցված մոտալուտ ձմռան սարսափով: Խուճապի մեջ է բնությունը. քիչ մնաց.  աննկատ ու հանկարծակի կհայտնվի ձմեռը, և վերջ գունագեղ պերճանքին: 
Նայում եմ պատուհանից ու ինձ պատկերացնում ճոխ պարտեզում աճած մի ծաղիկ, դե իհարկե, ես ծաղկի մի ծիլն եմ, որին ջրել են, խնամել, ապահովել ամեն ինչով, որ աճի, ծաղկի և անուշ բույր տարածի ամենուր:
Սթափվում եմ մտքերիցս:  Մեր մեքենան դանդաղ անցնում է ամոթից, իսկ գուցե հաճույքից շիկնած ալոճենիների, մասրենիների կողքով: Չենք դիմանում գայթակղությանը, իջնում ենք ու փորձում քաղել հասուն մասուր: Չէ՜ մի, կքաղես. մասրենին, որ մայր բնությունից ինքնապաշտպանական բնազդ է ժառանգել, սրում է փշերն ու պատրաստ է հոշոտել քեզ: 
Զգաստացած փոխում ենք մեր մտադրությունը և շարունակում ճանապարհը:
Իմաստուն բնությունն իր զավակներին ոչ միայն կյանք է պարգևել, առատախնամ սիրով սնունդ, ջուր և արև տվել աճելու, զորանալու, այլև օժտել է վերարտադրության և ինքնապաշտպանության բնազդով: Եվ այդ բնազդն է, որ ապահովում է բնության հավերժությունը: Մարդն էլ է բնության մի մասնիկը՝ օժտված մայր բնության շռայլ պարգևներով: Ոչ մի բան բնության մեջ չի կորչում հենց այնպես. ամեն մի մասնիկ մեռնում է՝ ծնելով մեկ ուրիշի: 
Եվ այսպես շարունակ անցնում են գարուններ, աշուններ, ձմեռներ, բայց մնում է հարատև ու հարակա բնությունը:
Այդ բնության մի մասնիկն ես դու՝ հայրենիք իմ հնօրյա ու նորօրյա, ու ես ծիլն եմ քո հողի ու պարտք ունեմ քո առջև: Ես էլ ծաղկի պես պիտի աճեմ, զորանամ քո սիրով, լցվեմ գիտելիքներով, ամրացնեմ արմատներս քո հողում և ազգապահպանության բնազդով պայքարեմ կործանարար հողմերի դեմ:
Մտքերս ինձ տանում են մի քանի տասնամյակ առաջ,  ու տեսնում եմ ինձ՝ որպես արդեն կայացած մասնագետի, որ պատրաստ է իր ստացած գիտելիքները ներդնելու Հայաստան աշխարհի զարգացման ու հզորացման գործում: Գործընթացն այդ Հայաստան աշխարհը տանում է կանգնեցնելու աշխարհի ամենազարգացած ու հարուստ երկրների շարքում:
Հանկարծ կտրվեցի  խոհերից ու զգացի իմ մեջ անդիմադրելի մի ուժ՝ անմնացորդ նվիրվելու հայրենիքիս  ու եթե պետք լինի, կյանքս էլ նվեր բերելու նրան:


Շարադրություն  3
Ես մի զարկն եմ քո բազկի

Կապույտ երկնքից կախված վեհապանծ լեռներ:
Նրանցով շրջապատված մի փոքրիկ հողակտոր, ու այդ գողտրիկ հողում ծվարած մի ժողովուրդ՝ խրոխտ արծվի պես այդ լեռներին կառչած:
Սա է իմ հայրենիքը: Այստեղ եմ ծնվել ես: Այս լեռներից հոսող սառնորակ ջրից եմ իմ ծարավը հագեցնում: Այս լեռներից եմ ես ուժ ստանում: Այս բարեբեր հողի քաղցրահամ պտուղն է ինձ սնում: Ասե՛ք, ուրիշ ո՞ր աշխարհում ես ազատ կլինեմ ինքս ինձ հետ: Ո՞ր հողի վրա կանգնելիս կարող եմ ըմբոստանալ թշնամու դեմ, ինչպես Արշակը՝ Շապուհի: Հիշեցի Համո Սահյանի խոսքերը.
Ախր ես ինչպե՞ս ուրիշ տեղ գնամ…
Ախր ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:
Այո, իմ Հայրենիքը ե՛ս եմ: Իմ երազանքները, իմ ուրախությունները, իմ տխրությունները, իմ անցյալը, իմ ներկան, իմ ընտանիքը, իմ առաջին թոթովանքը, իմ ընկերները. բոլորն այստեղ են՝ այս հողի վրա: Ես իմ նաիրյան երկրի սրտից եմ պոկված: Անգամ ուրիշ աշխարհներում էլ լինեմ՝ իմ սիրտը ա՛յս լեռներում է, ա՛յս երկնքի տակ: Այնտեղ՝ հեռուներում, իմ սիրտը հազիվ կթպրտա, ինչպես վանդակն ընկած փոքրիկ թոչնակը:
Պայծառ է իմ հայրենի երկինքը, ջերմ է նրա արևը, ու այդ ջերմությունից սիրտս բոցավառվում է սիրով, գորովանքով հանդեպ իմ հայրենիքը: Դարերի խորքից եկած, իմաստնացած այս ժողովուրդը երբեք չի հոգնի. արարում է, սիրում և, ամենակարևորը, հավատում: Ես էլ եմ հավատում: Հավատում եմ, որ մաքառելով ու պայքարելով իմ հայրենիքը պիտի էլի դարեր ապրի, էլի պիտի թշնամիներին դուրս վռնդենք, քանզի ե՛ս եմ զարկը քո բազկի, հայրենի՛ք: Ինձ նման քանի՜ զարկեր հավաքվելով բռունցք են դառնալու քո թշնամու դեմ:
Ես մի ծիլն եմ քո այն արտի, որի հազարավոր ծիլերը պիտի հասկ տան, հասակ առնեն ու դառնան քո ապագան:
Ինչպես գրել է Պ. Սեւակը.
Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք: 


 

Շարադրություն  4
Ես և իմ հայրենիքը
Մի անգամ երազում տեսա, որ խոսում եմ հայրենիքիս հետ: Նա տկար էր, փոքր ու հյուծված: Ես հարցրի, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է տխուր: Նա ինձ պատասխանեց.
-Բոլորը հեռանում են, և ես նիհարում եմ: Կողքիս հարևանները հարձակվում են, բաժանում, խլում ու տանում են իմ մասերը, և ես փոքրանում եմ: Այդ պատճառով ես «հիվանդանում եմ»: Եթե կարող ես, օգնի´ր ինձ:
-Իսկ ի՞նչ պետք է անեմ, որպեսզի օգնեմ քեզ, փրկեմ,-հարցրի ես: Նա պատասխանեց.
-Ապրի´ր հարյուր տարի, ունեցի´ր տասը երեխա: Երեխաներիցդ ամեն մեկը թող ունենա տասը երեխա` քեզ համար թոռ: Թոռներիցդ յուրաքանչյուրը` տասը երեխա` քեզ համար ծոռ: Բոլորին վերցրու´, բոլորին և ե´տ բեր այն մասերը, որոնք դավադրաբար խլել են ինձնից: Խոստացի´ր, որ ինձ կօգնես:  
Ես արթնացա և մտածմունքների մեջ ընկա: Կարո՞ղ եմ անել այն, ինչ խնդրեց իմ հայրենիքը:
Հաջորդ գիշեր նորից տեսա նման մի երազ, սակայն այս անգամ ես արդեն ծերունի էի, իսկ հայրենիքս` հզոր, մեծ : Նա ինձ ասաց.
-Դու քո պարտքը տվեցիր, կատարեցիր իմ խնդրանքը: Ես շնորհակալ եմ քեզ:
Առավոտյան ինքս ինձ ասացի, որ պետք է անպայման անեմ այն, ինչ ասաց հայրենիքս իմ երազում:









Շարադրություն  5
Ես և իմ հայրենիքը
Երբ նայում եմ քարտեզին, սիրտս թրթռում է: Մեծ ու հզոր պետությունների կողքին մի փոքրիկ երկիր եմ տեսնում` իմ հայրենիքը: Որքան փոքր, այնքան սիրելի ինձ համար:
Ավանդությունն ասում է, որ մի ժամանակ կորուսյալ դրախտն է եղել այստեղ, ուր ապրել է մի խաղաղ ու աշխարհաշեն ժողովուրդ, ապրել է արարելով, մաքառելով և ոչ մի անգամ ոտնձգություն թույլ չի տվել իր հարևանների հանդեպ: 
Այս լեռնային երկրում ապրող իմ ժողովուրդն էլ իր լեռների պես հպարտ է, անկոտրում: Նա հողից հաց է քամում իր հորովելաշունչ երգերով, զավակներ մեծացնում աստվածաշնչյան պատգամներով և հույսն իբրև դրոշ առած իր ուսերին` շարունակում է ապրել ու տոկալ`ամբարելով իր մեջ լավատեսությունն ու հավատը, բարությունն ու ստեղծագործ ոգին: Իմ ոգեշնչման աղբյուրը ժողովրդիս հերոսական պատմությունն է և նրա հերոսների սխրանքները:
Ուզում եմ, որ իրականանա իմ փոքրիկ երկրի մեծ երազանքը, այն է` հայրենիք վերադարձած աշխարհասփյուռ հայերը շենացնեն ու հզորացնեն իրենց պապերից ժառանգած հողը հայրենի: 
Եվ ո՞վ գիտե, գուցե մի օր էլ մեր որդիները նայեն աշխարհի նոր քարտեզին ու տեսնեն մի մեծ ու հզոր երկիր` իր նախկին սահմաններով, իր կորուսյալ դրախտով, ու նորանոր երգեր նվիրեն աշխարհի հնագույն երկրներից մեկին` Հայոց աշխարհին:










                  
Շարադրություն  6
                  Ես մի ծիլն եմ քո հողի

 Ամեն տարի անհամբեր սպասում եմ ամռան գալուն, որ գուղ գնամ, վազվզեմ մեր ծիրանի այգում, համտեսեմ արևահամ ծիրանները: Շատ մեծ չէ այգին, բայց միշտ առատ բերք է տալիս:
Պապիկս պատմում է, որ այգին հազար ինը հարյուր իննսունմեկ թվականի սեպտեմբերի 21-ից հետո են որոշել տնկել: Մայրս այդ ժամանակ իմ տարիքին է եղել և օգնել է, որ քարքարոտ հողակտորը կանաչ այգի դառնա: Այսօր այգին մեծացել է, կանաչել ու շիվեր է տալիս: Ես էլ եմ ուզում իմ ծառը տնկել այդ այգում, խնամել այն, նաև երազում եմ էլ ավելի մեծացնել այգին…
Մեր անկախ պետությունը այս քսաներկու տարիների ընթացքում նույնպես մեծացել ու ծաղկել է ծիրանի այգու նման: Տատիկս ու պապիկս են սկսել նրա կառուցումը, ապա փոխանցել հայրիկիս ու մայրիկիս: 
Ես ծնվել ու մեծացել եմ ծիրանի այգու նման այս փոքրիկ երկրում, որ գնալով շենանում է, որի արմատները ավելի են խորանում հողի մեջ` հազարավոր նոր ծիլեր տալով: 
Ես մի ծիլն եմ իմ հողի, իսկ մեծ ու սաղարթախիտ ծառի տակ ծիլերն ավելի ապահով ու արագ են մեծանում:

Շարադրություն 7

Ես եւ հայրենիքս

                       Ես հայ եմ: Ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում:

            Աշխարհի քարտեզի վրա այն շատ փոքր է, այնքան փոքր եւ այնքան գեղեցիկ, նման մազերն արձակած աղջկա կիսադեմի: Սեւանա լիճը կարծես փիրուզյա զարդ լինի՝ հերարձակ գեղեցկուհու մազերի մեջ:

            Աղջկա մազերը Լոռվա անտառներ են, սարերն ու ձորերը, որոնք սկսվում են Տավուշի մարզից եւ շարունակվում մինչեւ Գեղամա լեռները: Արդեն քսաներկու տարի է, ինչ գեղեցկուհին երկարացրել է մազերը մինչեւ Արցախ աշխարհ: Մազերը փարթամ են ու գեղեցիկ գանգուրներով զարդարում են գեղեցկուհու երկար ու նեղ պարանոցը՝ Սյունյաց աշխարհը:

            Փոքրիկ դնչիկն առաջ պարզած՝ որն է Արմավիրի մարզը, աղջիկը կարոտով նայում է առաջ՝ կորցրած մորը՝ Արեւմտյան Հայաստանին:

            Անիի ավերակներն այնքա՜ն մոտ են եւ այնքա՜ն հեռու: Աղջիկը կարծես ուզում է փարվել կորցրած ծնողին:

            Կճատ քթիկը ցցած՝ նա սպասում է մայրական համբույրին՝ իր անհնազանդ մազափունջը՝ Աշոցքի շրջանը, բարձր ճակատին փռած:

            Բայց աղջիկը մենակ չէ: Նա հզոր պաշտպաններ ունի: Նրա մեջքին ուս ուսի տված կանգնած են հայոց լեռներն ու սարերը:

            Ահա քառագագաթ թագակիր Արագածը, որի թագն ամեն առավոտ ոսկեզօծվում է արեւի առաջին ճառագայթներից: Ծերուկ թագավորի ամեն մի շարժմանը հետեւում է հավատարիմ Արայի լեռը, իսկ նրանց շուրջը համախմբված են մնացած լեռները, որոնք կարծես պար են բռնել՝ ի հեճուկս թշնամիների:

            Այս բոլորը տեսնում է սահմանի այն կողմում գտնվող իմաստուն ու ծեր Արարատ լեռը: Ձյունե հոնքերի տակից նա բարի հայացքով նայում է Հայաստան աշխարհին՝ մանկահասակ աղջկան: Նա լռում է, եւ նրա լռությունը խորիմաստ է …

            Ահա այսպես եմ ես տեսնում իմ հայրենիքը, որին սիրում եմ անսահման, ինչպես մորս: Իզուր չեն ասում «մայր հայրենիք»:

            Այս հայրենիքը, որ ժառանգել ենք մեր պապերից, եւ այն հայրենիքը, որը երազ է արդեն, բայց կրկին կարող է դառնալ իրական, կարիք ունի պաշտպանության, եւ այդ պաշտպանները մենք ենք:



Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...