Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Ստեղծագործական շարադրության մրցույթ՝  նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին 31.10.2012

Ստեղծագործական շարադրության մրցույթ՝ նվիրված Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձին

Վարժարանում ավանդույթ դարձած համավարժարանային արշավները ոչ միայն սովորեցնում են դժվարություններ հաղթահարել, մարմին և կամք կոփել, այլև միջոց են ճանաչելու մեր հայրենի բնաշխարհը, պատմամշակութային կոթողները, մոտ լինելու հայի ինքնությանը և սիրելու այն, ինչ ավանդ ենք ստացել մեր նախնիներից, գիտակցելու, որ յուրաքանչյուր սերունդ առաքելություն ունի սրբությամբ պահել-պահպանելու հայոց հողը և պատասխանատվությամբ վերաբերվելու հայ մնալու իր կոչմանը։

Այո’, մեր հետագիծը հավաստում է, որ հայ լինելը ինքնին արժեք է։ Ինքնության մեր տեսակը, մեր կերպը այսքան ցայտուն պահպանվել է հենց մեր հարուստ և ինքնատիպ մշակույթի շնորհիվ։

Վարժարանի կազմակերպած այս տարվա արշավը նվիրված էր ՀՀ անկախության 21-րդ տարեդարձին։ Աղավնաձորի աշնանային բնանկարը, Մարմարիկ գետի աջ ափի անտառապատ լեռանը թիկնած Թեժառույքի վանքը, նրա պատմությունը անջնջելի տպավորություն թողեցին արշավականների վրա։

Օրվա խորհուրդը կարևորելու համար վարժարանում հայտարարվել էր շարադրությունների մրցույթ.

«Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն» վերնագրով։

Հաղթողներին սպասվում են մրցանակներ։

Մրցույթում հաղթողները կորոշվեն աշակերտների, ուսուցիչների և ծնողների ընդհանուր քվեարկության արդյունքում: Ստորև ներկայացնում ենք մրցանակի հավակնող շարադրությունները և սպասում ձեր արձագանքին ։ Գնահատել կարող եք այստեղ: Շարադրությունների գնահատման վերջնաժամկետն է սույն թվականի նոյեմբերի 30-ը:


1. Ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն

Հայրենիք: Հաճախ այս բառը կարդում ենք, լսում, գործածում, բայց արդյոք ճի՞շտ ենք հասկանում նրա իմաստը: Շատերի համար հայրենիքն այն վայրն է, առանց որի չեն պատկերացնում իրենց կյանքը, իսկ մարդկանց մեկ այլ խմբի համար այն սոսկ վերամբարձ բառ է, որը չի առաջացնում հոգու թրթիռ: Հայրենիքը սիրելու, գնահատելու և նրա իմաստն ու նշանակությունը իրապես հասկանալու համար նախևառաջ անհրաժեշտ է ճանաչել այն: Բայց ինչպե՞ս: Մի՞թե միայն հայտնի վայրեր այցելելով կամ պատմությունից մի քանի դրվագներ իմանալով` կարելի է սահմանափակվել և համարել, որ ճանաչում ենք հայրենիքը: Քիչ չէ, բայց բավական էլ չէ: Ոմանք կկարծեն, որ դա բավական է, և միգուցե իրենց վրա կվերցնեն «հայրենասեր» կոչվելու պատասխանատվությունը: Բայց ինձ համար հայրենասերի կերպարը լիովին այլ է: Նախևառաջ պետք է ստեղծել մարդ-բնություն հարաբերությունը, որպեսզի հասկանանք հայրենիքի լեզուն բնության միջոցով: Չէ՞ որ այն շատ պարզ է խոսում: Հայրենիքի յուրաքանչյուր հիմնախնդիր պետք է սովորենք դարձնել մերը: Ամեն անգամ` գլուխը բարձին դնելուց առաջ, մի պահ պետք է հարց տանք ինքներս մեզ. «Ի՞նչ արեցինք այսօր հայրենիքի համար, մե՛ր հայրենիքի համար>>:

Հայրենիքի նկատմամբ սերը վառ գույներ է ստանում, երբ շփվում ես մայր բնության հետ: «Քվանտ» վարժարանը մեզ հնարավորություն է ընձեռում տարին գոնե մեկ անգամ արշավի գնալու և դառնալու բնության մի մասնիկը, լսելու նրա երաժշտությունը: Ադ օրը սարերից փչող քամին ցրում է գլխումդ հավաքված մտքերը և ստիպում մտածել միայն բնության մասին, զգալ նրա թարմ շունչը, ու էլ ավելի է ամրապնդվում սերը հայրենիքի նկատմամբ: Դողացնող քամին չի խանգարում, որ մտքերդ գնան անծայրածիր հեռուն, և սկսում ես մտածել. «Ինչքա՜ն թանկ է հայրենիքը, դեռ ինչքա՜ն չբացահայտված գանձեր ունի»: Նա կարծես ամուր գրկել է քեզ ու չի թողնում, որ հեռանաս: Իսկ եթե հանկարծ հեռանում ես, հոգումդ ծնվում է մի տարօրինակ զգացում, որ չես կարող բացատրել և ոչ մի բառով: Դա կարոտն է, այն զգացմունքը, որ հայրենիքն ուղարկում է քեզ իր մոտ կանչելու համար և պատրաստ է քեզ կրկին գրկաբաց ընդունելու սիրող մոր պես: Ինձ համար հայրեիքն այն վայրն է, որտեղ ամուր ես կանգնած ոտքերիդ վրա, ունես տիրոջ իրավունք, շնչում ես ազատ ու լիաթոք, որտեղ առավել քան որևէ այլ տեղում զգում ես երկրի ձգողական ուժը ոտքերիդ վրա: Իսկական հայրենասերը նա է, ով ոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցում իր այդպիսին լինելը: Եվ ինչպես ասել է Լակորդերը. «Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքին մատնված ավազահատիկ է»:

2.

Հայրենիք, հայրենի երկիր, հայոց աշխարհ…

Բառեր, որոնք արտասանում ենք կարծես հենց այնպես, երբեմն առանց զգալու: Դժվարանում եմ գրել զգացածիս մասին, գրել հասարակ, պարզ, առանց շատախոսության: Երկար եմ մտածել գրելուց առաջ։ Ճանաչո՞ւմ եմ արդյոք իմ երկիրը, իմ ժողովրդին, կարելի է ասել, թե ինքս ինձ: Չէ՞ որ առաջին հերթին ես հայ եմ, հետո նոր՝ Երկիր մոլորակի բնակիչ: Աստված կամեցել է, որ ես հայ ծնվեմ, առավել ևս` Հայաստանում:

Մեծերից լսել եմ մի կարծիք. հեռվից ու կորցնելուց հետո է միայն մարդը զգում իր ունեցածի արժեքը: Միգուցե ես այնքան հասուն չեմ հասկանալու դա, բայց սիրտս զգում է, ապրում այս երկրում:

Մի քանի օր առաջ արշավի գնացինք դեպի Թեժառույք: Բարձունքի վրա կիսաքանդ եկեղեցին էր` դարերի քամիներին ընդդիմացած և հաղթանակած: Վերելքը դժվարին էր, և ես զարմանում էի, թե հայն ինչպիսի հավատ է ունեցել, որ եկեղեցի է կառուցել այսպիսի բարձունքի վրա: Կիսավեր էր եկեղեցին: Տխրեցի: Ոմանք պատերին թողել էին իրենց անունները: Չգիտես ինչու: Երևի չէին հասկացել, թե որտեղ էին գտնվում, չէին գնահատել պատմության խորքերից մեզ հասած այդ հուշարձանը: Այդպիսին ենք մենք. մեկ կարող ենք արարել` հաղթահարելով բարձունքներ, ժայռերից կերտել հրաշալի կոթողներ, գրքեր փրկել զոհվելով, հավատքը պահել նահատակվելով, պայքարել, տաղեր գրել, սգալ, բայց փյունիկի պես հառնել, ունենալ միայն մերը`մեր դուդուկը, մեր խաչքարը, մեր Մասիսը… Բայց և օտարամոլության զոհ գնալ էլ գիտենք: Ի՞նչ անենք, որ այս արագ ընթացքի մեջ չկորցնենք հայ մնալու, հայրենիքը սիրելու մեծագույն արժանիքը: Մի քիչ հարցականի նմանվեց շարադրությունս: Բայց ճշմարիտ եմ ասում. գիտեմ, զգում եմ, որ պիտի խորապես ճանաչեմ հայրենի օրրանս, որպեսզի գնահատեմ, փայփայեմ այն, ինչպես իմ սիրտը, մորս, հորս, մայրենի լեզուս: Գիտեմ, որ այբուբենս աղոթքի նման է, որ մեսրոպյան տառերը զինվորներ են, որ ծնվել են պաշտպանելու ազգս, գիտեմ, որ իմ եկեղեցին ժայռերից է կերտված, որ ամուր ու աներեր մնա ոչ միայն թշնաու դեմ, այլև նույնիսկ դարերի դեմ, գիտեմ, որ առաջինն էինք, որ քրիստոնյա դարձանք, հավատում եմ, որ Նոյը Արարատի վրա իջավ ջրհեղեղից հետո, հուզվում եմ, երբ դուդուկի քաղցր ձայնն եմ լսում, ապշում եմ, երբ քարի վրա փորագրված խաչեր եմ տեսնում:

Որքա՞ն եմ ճանաչում հայրենիքս: Չափը չգիտեմ, միայն մի բան հաստատ գիտեմ, որ Հայաստանը իմ մեջ է, արյանս ու մարմնիս մեջ, իմ մայրիկի աչքերում, հայերեն աղոթքիս մեջ, իմ դպրոցի, ընկերների մեջ, հանապազօրյա հացիս մեջ, իմ Արագածի չորս գագաթներում, հայրիկիս գյուղում, դաշտերում, նույնիսկ եղբորս չարաճճի աչքերում, խաղերում:

Օտարության մեջ, փառք Աստծո, չեմ եղել, չեմ համեմատել իմն ու նրանցը: Բայց երազում եմ մի բան` դառնալ նրանցից մեկը, ով նորովի կկառուցի, կարարի, կստեղծագործի, ով կդառնա Հայաստանի հավերժության ուղին կերտողներից մեկը: Առայժմ երազում եմ ու սովորում, սովորում ճանաչել իմ երկիրը, իմ քաղաքը, ինքս ինձ: Աստված թող մեր ազգին ուժ տա, որ բարությամբ հաղթենք չարին ու առաջ գնանք էլի բազում դարեր:

3.

Դեռևս մանկապարտեզ հաճախելիս ինձ սովորեցրել էին հայրենիքի մասին ոտանավորներ: Արտասանում էի առանց հասկանալու: Հետո ընկալեցի, երբ սկսեցի հայրենիքը համեմատել մորս հետ: Հայրենիքը մայրս է:

Երբ շատ փոքր էի, և հասակս չէր հասնում, որ տեսնեի, թե ինչ կա սեղանի վրա, սկսեցի դիտել տան առարկաները և հասկացա, որ իմ տնից լավ տուն չկա: Հայրենիքը իմ տունն է:

Հետո այնքան մեծացա, որ ինքնուրույն իջնում էի բակ և խաղում մեր բակում աճած բարդու ստվերում: Քիչ ավելի ուշ հասկացա, որ հայրենիքը մեր բակն է ու մեր բակում աճած բարդին: Գնացի դպրոց: Շատ նոր բաներ սովորեցի: Իմացա, որ հայրենիքը մեր պապերից ժառանգած հողն է, մեր խաչքարերն ու եկեղեցիներն են, որոնցից շատերի կիսաքանդ և կիսավեր մնացուկները համր ու լուռ վկաներն են մեր հարուստ մշակույթով անցյալի: Պատմությունից իմացա, որ մենք` հայերս, հայրենիք ենք կորցրել և կարողացել ենք պահպանել մեր ունեցածի մեկ տասներորդը: Եվ այս փրկված մասում է կապուտաչյա գեղեցկուհի Սևանը, որը բազմած է Գեղամա լեռների վրա: Հաղպատի և Սանահինի վանքերը գտնվում են Լոռվա սարերում, և ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ իշխանների ու թագավորների տապանաքարերը այնպես էին դրված, որ եկեղեցի մտնելիս դրանք անպատճառ պետք է տրորես: Բացատրեցին, որ դա նրանց կամքն է, որ դա նշանակում է «մենք` ձեզ ծառա>>, ասնինքն` «ժողովրդին ծառա>>: Գնացել եմ նաև Դիլիջանի անտառների խորքում գտնվող Հաղարծինի և Գոշավանքի եկեղեցական համալիրները, իմացել եմ, որ Գոշավանքում ճգնել և աշխատել է միջնադարյան առակագիր Մխիթար Գոշը:

Բնության մի գողտրիկ հրաշք էր Պարզ լիճը, որն այնքան էլ պարզ չէր:

Ծնողներիս հետ շատ եմ եղել Հայաստանի տարբեր վայրերում, սակայն վարժարանի կազմակերպած արշավը, որը նվիրված էր Հայաստանի անկախության քսանմեկամյակին, ինձ շատ էր ոգևորել: Ես շատ նոր ընկերներ ձեռք բերեցի և նոր բաներ իմացա Մեղրաձորի Թեժառույք վանքի մասին:

Տեղանքը շատ գեղեցիկ էր: Աշնան վրձինը կպել էր համարյա բոլոր ծառերին: Կարմիր, ոսկեգույն, դեղին տերևները, աշնան քամուց պոկվելով, օրորվելով ցած էին թափվում: Եղանակը տաք էր, սակայն օրվա երկրորդ կեսին թույլ անձրև տեղաց, և զարմանալի բան կատարվեց. ես զգացի հայրենիքիս բույրը:

Երբ ուշ երեկոյան տուն վերադարձանք, այնքան հոգնած էի և այնքան գոհ, որ միանգամից քնեցի և երազ տեսա. տեսա մայրիկիս, իմ տունը, մեր բակն ու բարդին, Հրազդան գետն ու Արագածը, իսկ Մեծ Մասիսը փառահեղ մորուքով ու բարի դեմքով ծերունի էր և ժպտում էր աչքերի անկյուններով:

-Լավ է լինելու,-ասաց նա:

Արթնացա: Առավոտ էր: Թեթև անձրև էր եկել: Ասֆալտը թրջված էր, և զարմանալի բան . կրկին զգացի հայրենիքիս բույրը:

4.

Երբ առաջին անգամ գլոբուսի վրա փնտրում էի իմ հայրենիքը՝ Հայաստանը, այն դժվարությամբ գտա։ Մեծ տարածքներ ունեցող հզոր պետությունները փառահեղ բազմել էին կողք կողքի, և նրանց արանքում մի փոքրիկ երկիր՝ հայոց հինավուրց հողը, ջերմորեն ժպտում էր ինձ։

Ու մտածեցի, որ եթե ես մեծ լինեի, ապա անպայման քարտեզագրության նոր կանոններ կհորինեի. մեծ ու գունեղ կլինեին այն երկրների տարածքները, որոնցում ապրող ժողովուրդները աշխարհաշեն կյանքով են ապրել, երբեք չեն նեղացրել մյուսներին և ծնել են այնպիսի մեծ մարդկանց, ինչպիսիք էին աստվածային շնորհներով օժտված Հայկ Նահապետը, Տրդատ թագավորը, Գրիգոր Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, Կոմիտասը…

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կստացվեր. մեր երկիրը հեռվից հեռու կերևար քարտեզի վրա։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը, գիտեմ նրա պատմությունը, իմ երկրի մարդկանց, և այս ամենը իմ հոգին լցնում է հպարտությամբ։

Այո’, ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն։

Մեր երկիրն այսօր ամենից շատ իրական հայրենասերների կարիք ունի։ Կարծում եմ , որ նրանցից մեկն էլ ես եմ։

5.

Թերևս սկսեմ նրանից, որ համամիտ եմ շարադրանքիս վերնագրին: Դեռ փոքր եմ, բայց արդեն հասցրել եմ լինել հայրենիքիս տարբեր հատվածներում: Բոլորովին վերջերս էլ «Քվանտ» վարժարանի կազմակերպած արշավին մասնակցեցի և ծանոթացա հրաշագեղ մի կառույցի, որն իր հնագույն տեսքով ինձ ուղղակի զարմացրեց: Հայաստանի պատմամշակութային կոթողներին սկսել եմ ծանոթանալ հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա վարժարան այցելելուց հետո: Սակայն հայրենիքիս հետ կապված ճանաչողական այցերը էլ ավելի վաղ տարիքից եմ սկսել: Հայրիկս շատ է սիրում ճանապարհորդել, ինձ էլ գրեթե միշտ իր հետ տանում է: Մեկ տարեկան էի, երբ Արցախի Գանձասար եկեղեցում կնքվեցի, դարձա ճշմարիտ քրիստոնյա: Բայց ասեմ, որ այդ օրվա հետ կապված շատ քիչ բան եմ հիշում. դե որովհետև փոքրիկ էի:Այդ օրվանից սկսած` համարյա թե ամեն տարի` ամռանը, ընտանիքով գնում ենք Լեռնային Ղարաբաղ, որը իմ երկրորդ հայրենիքն է: Հայրս ծնունդով Արցախից է, ես էլ ինձ արցախցի եմ համարում և հպարտորեն կրում ծագումս: Արդեն հասցրել եմ հայրական բնօրրանիս սահմաններին ծանոթանալ: Ինձ համար իմ երկու հայրենիքների սահմանը հատվում և սկսվում է այնտեղ, որտեղ հանդիպում է «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» պաստառը: Այն պահից, երբ կարդալ սովորեցի, էլ ավելի հպարտությամբ եմ արտասանում այդ խոսքերը: Գուցե հայրենասիրությունն է մեջս խոսում: Ամեն դեպքում Երևանից մեկնելուց հետո փորձում եմ ճանապարհի բոլոր գյուղերի անունները հիշել, եթե դրանց հետ կապված հիշարժան պատմություններ կան, ապա դրանք էլ եմ մտապահում: Արցախ ժամանելուն պես ուղևորվում ենք Վանք գյուղ` պատմական Գանձասարում առ Աստված աղոթք մրմնջալու և հայրենիքիս համար մոմ վառելու:

Թշնամի երկրին սահմանակից բնության այս հրաշագեղ անկյունին արդեն հասցրել եմ ծանոթանալ, նույնիսկ գիտեմ, որ պատերազմական տարիներին հակառակորդի և ոչ մի գնդակ չի դիպել վանքի պատերին: Գանձասարի հոգևոր սպասավոր տեր Հովհաննես քահանան էլ, զենքը ձեռքին, պաշտպանել է եկեղեցին թշնամու ոտնձգություններից: Նման պատմություններ լսելիս հասկանում եմ, որ հայոց աշխարհի յուրաքանչյուր հուշակոթող իր հերոսական էջն ունի, ու հենց այս կերպ կարող եմ սեփական երկրիս պատմությանը ծանոթանալ: Եվ սա է, որ մեր մեջ կոփում է հային` անկոտրում կամքով և հզոր ոգով:

6.

Հայրենասիրությունը սկիզբ է առնում անհատի հոգու դաստիարակությունից, իր շրջապատի ու իր ազգի հանդեպ ունեցած հարգանքից և հայրենիքը որպես մեծ արժեք գիտակցելու ունակությունից։ Հայրենիք բառը իր մեջ ամփոփում է մի ամբողջ գաղափարախոսություն։

Հայրենիք ասելիս հասկանում եմ իմ ընտանիքի ամրությունը, իմ բնօրրանը, ինձ շրջապատող մարդկանց համերաշխությունը և վերջապես՝ իմ պետությունը։

Կարծում եմ, որ չես կարող հայրենասեր լինել, եթե չես ճանաչում քո հայրենիքը։ Ինձ համար իմ հայրենիքը սկսվում է իմ ծննդավայր Կապանից։ Լինելով Զանգեզուրի սիրտը՝ իմ ծննդավայրը միշտ եղել է հայ ժողովրդի և մեր պետության փրկության համար կարևորագույն ազատագրական պայքարներում հաղթանակած քաղաք։ Զանգեզուրում իրենց աղգանվեր գործն են կատարել մեր ազգի փառապանծ ու քաջակորով զավակներ Դավիթ Բեկը և Գարեգին Նժդեհը։ Ինձ համար իմ հայրենիքը նաև իմ քաղաքամայր Երևանն է։ Այստեղ եմ ես ապրել, մեծացել, դպրոց հաճախել, ձեռք բերել ընկերներ։ Այստեղ եմ սովորում և գիտելիքներ ձեռք բերում։

Հայրենիքը ինձ համար մեր անդնդախոր ձորերն են, սարերն ու ժայռերը, մեր եկեղեցիները, մեր պատմական կոթողները…

Մեր հայրենիքի պատմական կառույցների և եկեղեցիների , հայրենի բնության ճանաչողության մեջ իր մեծ դերն ունեն մեր վարժարանի կողմից կազմակերպվող ուսումնաճանաչողական արշավները։

Ճանաչելով քո ծննդավայրը, բնակության վայրը, քո ազգի պատմությունն ու մշակույթը, ազգային հերոսներին՝ ճանաչում ես քո հայրենիքը և հպարտանում նրանով։ Հայրենասիրությունը ծնվում է մարդու հետ, ապրում նրա հետ, աճում և ամրապնդվում է կյանքի ընթացքում։

Այո’, ով չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն։

Սարգսյան Միքայելը (6-1 դասարան) իր մեծ սերը հայրենքի նկատմաբ արտահայտել է բանաստեղծությամբ .ներկայացնում ենք այն և սպասում արձագանքների։

Հայրենիք

Երկի’ր Նաիրյան,
Դու իմ Հայաստան,
Որդիները քո՝ միշտ քաջ ու արի,
Պահպանել են քեզ,
Իմ շատ սիրելի։
Հայտնի ես դու ողջ աշխարհում
Քո Խոր վիրապով,
Տաթևի վանքով,
Գառնու տաճարով,
Սևանա լճով,
Քո Կոմիտասով ու Թումանյանով,
Պարույր Սևակով, Խաչատրյանով։
Դու դեռ կծնես հանճարեղ մարդկանց,
Որ քեզ գովերգեն, դու իմ փառապա’նծ։

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...