Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Քվանտականների հաջողությունները “Дети содружества-Кыргызстан-2017” համաժողովում 04.09.2017

Քվանտականների հաջողությունները “Дети содружества-Кыргызстан-2017” համաժողովում

Ս/թ հունիսի 27-ից հուլիսի 6-ը Միջին Ասիայի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Ղրղզստանում գտնվող Իսսիկ-Կուլ լճի ափին, տեղի ունեցավ ԱՊՀ երկրների աշակերտների “Дети содружества-Кыргызстан-2017” 5-րդ հոբելյանական համաժողովը: ԱՊՀ 9 երկրների աշակերտների պատվիրակություններից մեկն էլ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունն էր:
Հայրենի երկիրը միջազգային հարթակում ներկայացնելու պատվին արժանացան «Քվանտ» վարժարանի Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրի 8 աշակերտներ՝ Աննա Վարդանյանը, Ռուբինա Մարգարյանը, Սերինե Նազարյանը, Հայկ Մատենցյանը, Դերիկ Փերումյանը, Վլադիմիր Պոլուսյանը, Ալեքսանդր Պոլուսյանը, Արեգ Պետրոսյանը՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի կոորդինատոր Անահիտ Դեմուրչյանի ղեկավարությամբ:
Աշակերտների առջև դրված էր բարդ խնդիր. Հայաստանն առաջին անգամ պետք է հանդես գար այս հարթակում: Հետևապես, անչափ կարևոր էր երկրի մշակույթը, ավանդույթները, պատմությունը, ինչպես նաև հայ ժողովրդի նիստուկացը մանրամասնորեն մատուցելը այլ ազգերի և կրոնների ներկայացուցիչներին: Երկար քննարկումներից և նախապատրաստական աշխատանքներից հետո ամբողջովին մշակված էր երկրի ներկայացման ընթացքը:
Յուրաքանչյուր պատվիրակությանը իր երկրի ներկայացման համար հատկացվում էր մեկ օր, որը նախապես մանրամասնորեն ծրագրված էր՝ ազգային տարրերով առավոտյան մարզանք, ազգային մշակույթին վերաբերող ցուցահանդես-դասեր, երկրի պատմության և մշակույթի ներկայացում, «երաժշտական հյուրասենյակ»:  Այս հատվածների միջև ընկած ընդմիջումների ընթացքում պատվիրակները մասնակցում էին  Սանկտ Պետերբուրգի Ա. Հերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի, Սանկտ Պետերբուրդի կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի, Ուրալի տնտեսագիտական համալսարանի դասախոսների կողմից կազմակերպված վարպետության դասընթացներին:
Դասընթացները համատեղելով ելույթի նախապատրաստման հետ՝ մեր պատվիրակները հուլիսի 1-ին ներկայացրեցին Հայաստանի Հանրապետությունը՝ հիացնելով բոլորին: Ներկայացնեմ այդ օրվա համառոտ օրագիրը՝ մասնակցի աչքերով:
Հուլիսի 1-ը հայտարարված էր Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության օր: Մենք և մեր ղազախ ընկերները օրը սկսեցինք բարձր տրամադրությամբ՝ արթնացնելով համաժողովի մասնակիցներին ազգային մեղեդիների հնչյուններով: Ղազախական մեդիտացիոն մարզանքից հետո մենք բոլորին ողջ օրվա էներգիա հաղորդեցինք հայկական, արևմտյան և ռուսական էստրադայի մեղեդիների և հայկական պարային շարժումների միջոցով: Լավ տրամադրության ալիքը շարունակվեց լողափին հայակական պարային ֆլեշմոբի, հայակական քոչարիի դասընթացի և ավանդական «աքլորակռվի» և «հավալայի» տեսքով: Ի դեպ, մինչ համաժովի ավարտը բոլորը անդադար  քոչարի էին պարում, ֆլեշմոբի համար օգտագործված «Նոր պար» երգը երգում: Երեկոյան բոլորն անհամբեր սպասում էին մեր ելույթին: Բուռն ծափահարությունների ներքո մենք սկսեցին պատմել մեր դարավոր մշակույթի,  պատմության հերոսական էջերի, հզորագույն արքաների, հնագույն պեղումների և մեր հանրապետության ներկայիս հզոր ներուժի մասին: Կրկին հիացրեց և զարմացրեց քոչարին՝ այս անգամ ազգային տարազներով ներկայացված: Ներկայացրեցինք նաև մեր դպրոցը՝ ՀՀ լավագույն ոչ պետական դպրոց «Քվանտ» վարժարանը: Համընդհանուր զարմանքի և հիացմունքի գագաթնակետը եղան մեր կատարմամբ Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետից «Սուսերով պարի» և ազգային երգերի նրբահունչ ելևէջները: Սակայն նախատեսված էր նաև անակնկալ. մեկ օրով համաժողովը «տեղափոխելով» Հայաստան՝ չէինք կարող հայկական հյուրասիրություն չկազմակերպել: Երեկոյան մեր հյուրերը համտեսեցին մեր տղաների պատրաստած ավանդական խորովածը՝ հայկական լավաշով: Այսպես, համեղ և ուրախ եղրափակեցինք մեր օրը:
Թե՛ մասնակիցների, թե՛ կազմակերպիչների հիացմունքի և գովեստի խոսքերը մեր պատվիրակության և Հայաստանի Հանրապետության հասցեին վկայում էին. առաջադրանքը կատարված է: 
Այնուամենայնիվ, սա դեռ ամենը չէր: Սպասվում էր ոչ պակաս պատասխանատու օր. հուլիսի 4-ին տեղի ունեցավ հանդիպում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժովի նախագահության անդամների հետ՝ տիկին Վալենտինա Մատվիենկոյի գլխավորությամբ: Մեր առջև դրված էր բարդ խնդիր՝ ներկայացնել ԱՊՀ երիտասարդության միավորմանը վերաբերող առաջարկ նախագահության անդամներին: Մեկնարկային խոսքը ՀՀ պատվիրակության անդամինն էր։ Այտեղ նույնպես ունեցանք հաջողություն․ մեր մասնակցի՝ Սերինե Նազարյանի առաջարկը և ողջ պատվիրակությունը  առանձնահատուկ ուշադրության և գովեստի արժանացան անձամբ տիկին Մատվիենկոյի կողմից:
Այսպես եզրափակեցինք մեր հաղթարշավը՝ մնացած օրերին վայելելով գեղատեսիլ բնությունը, մեր օտարազգի ընկերների ելույթները և նրանց հետ շփումը: Այս համաժողովի հիշողությունները դեռ երկար վառ կմնան մեր սրտերում՝ անմոռանալի ճամփորդությամբ, ջերմ ընկերական կապերով և նորանոր հանդիպումների ակնկալիքով: 
Հոդվածը պատրաստեց ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 12-րդ դասարանի աշակերտուհի Սերինե Նազարյանը

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...