Կողբ հիմնադրամ

Աշակերտական խորհրդի նորություններ

Պարգևատրվեցին 2015-2016 ուստարվա սպորտային միջոցառումների հաղթող դասարանները
Դասարանները ցուցաբերել էին համախմբվածություն, ուժ և կարողացել էին հասնել հաղթանակի․․․


 08.11.2016

Տեղի ունեցավ Աշակերտական խորհրդի անդրանիկ նիստը
Նիստի ավարտին 10-րդ դասարանի աշակերտուհի Անահիտ Հարությունյանը նշանակվեց ԱԽ նախագահի օգնական, իսկ Արմինե Խաչատրյանը՝ մամուլի պատասխանատու...

Նորություններ
Պատմության չլռող ձայնը 28.04.2015

Պատմության չլռող ձայնը

Պատմության հիշողության կրողը ապագա սերունդն է, որի կրթության ու դաստիարակության գործը յուրաքանչյուրիս պարտքն է, որն է` մայրենիի ուժն ու նրա նկատմամբ գորովը հայ մանկան հոգում ամբարելը: Հայ գրի ու խոսքի զարգացման ճանապարհը միայն այսպես կարող են պաշտպանել ու պահանջատեր լինել `նախ և առաջ մայրենին հզորացնելով: Մաշտոցյան ու կոմիտասյան ոգին, ասել է թե` հայ ազգային մշակույթի ոգին անմահ է, քանի դեռ հայ մանուկը ուսանում է մաշտոցյան գիրն ու կոմիտասյան երգը: Վստահ կարող եմ ասել, որ հայի մորմոքը, ցավն ու վերադարձի հույսն իր մեջ ամբարած կոմիտասյան «Կռունկի» ճախրը այսօր էլ շարունակվում է հայ երեխայի հոգու երկնքում: Չի կարող ոչնչանալ այն ժողովուրդը, որի հանճարեղ զավակի` Կոմիտասի` «Վայելած ծնողական գուրգուրանքներս ալ բավական են, որ մինչև կյանքիս վերջը երախտապարտ ըլլամ ձեզի» խոսքին այսօր հայ մանուկը ի պատասխան ասում է. «Չեմ ուզում Ձեզ «Դուք»-ով դիմել, քանի որ «դու» իմ երգի հայրն ես» տողով: Այս տողը Մուշեղ Գալշոյանի «Կռունկ» պատմվածքի ընթերցումից հետո ստեղծագործության հերոսներից Կոմիտասին ուղղած վեցերորդ դասարանցու նամակից է: 6-րդ դասարանցիները նամակներ են հղել ոչ միայն Կոմիտասին, այլև պատմվածքի հերոսներ իռլանդուհուն և նրա ամուսնուն: Կարդանք այդ փոքրիկ նամակներից մի քանիսը:

Նամակ Կոմիտասին

31 մարտի, 2015 թ., Երևան Բարև, հա՛յր սուրբ: Ես գիտեմ, որ դու շատ մեծ դեր ես ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Դու այնքան լավ ու խորիմաստ երգեր ես գրել և մշակել, որ նույնիսկ օտարերկրացին, չհասկանալով երգիդ բառերը, արտասվեց: Միայն երաժշտությունից նա հասկացավ, թե ինչքան պանդուխտներ կան այս աշխարհում: Երգը ստիպեց նրան արտասվել: Միգուցե տիկնոջ ամուսինը անսիրտ մարդ էր: Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչու կռունկը չհասավ իր երամին: Երևի հենց այդ պատճառով նա կոպտեց կնոջը: Ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել, որ այդքան մեծ ներդրում ես ունեցել մեր երգի պատմության մեջ: Քո շնորհիվ է նաև, որ մենք հիմա գոյություն ունենք որպես ազգ:

Սահակյան Անի

Նամակ իռլանդուհուն Հարգելի´անծանոթ իռլանդուհի Կարդացի Մ. Գալշոյանի «Կռունկ» պատմվածքը, շատ հուզվեցի և որոշեցի Ձեզ նամակ գրել: Դուք երջանկություն եք ունեցել հանդիպելու իմ ժողովրդի մեծերից մեկին` Կոմիտասին: Նրա շուրթերից լսել եք իմ ժողովրդի կարոտի երգը՝ «Կռունկ»-ը: Դա հայ հոգու երգն է, բողոքն է ընդդեմ անարդար աշխարհի «պաղ մարդկանց»: Այդ երգը հայ պանդուխտի կյանքի պատմությունն է: Այնքան մեծ է եղել երգի ազդեցությունը, որ Դուք բնազդաբար հավաքել եք ձեր զավակներին թևի տակ՝ զգալով ներքին տագնապ: Ձեր ամուսինը չզգաց երգը և այն «պաղ մարդկանց» նման չընկալեց հայ պանդուխտի և երամը կորցրած կռունկի բախտակից լինելը: Նա անտարբեր էր: Բայց չ՞է որ անտարբերությունը նշանակում է համամիտ լինել: Նա վրդովվեց ձեր արցունքներից: Դուք ամաչում էիք: Մեծն Կոմիտասը երգում էր, երգում էր այնպես, որ Դուք, չիմանալով հայերեն, հայկական երաժշտություն, խորապես հուզվել էիք. «Դա ի՞նչ երաժշտություն էր, ի՞նչ ձայն էր, ես երբեք չպիտի մոռանամ…, չպիտի մոռանամ»: Երբեք չմոռանաք այդ օրվա հիշողությունները, միշտ վառ պահեք Ձեր և ձեր երեխաների սրտերում, պատմեք ձեր թոռներին, որ իմանան իմ ժողովրդի պատմությունը: Թող այդ ցավը չզգա ոչ մի ժողովուրդ իմ մոլորակի վրա: Չլինե՜ք անտարբեր:

Սիրով հեռու Հայաստանից

Քոչարյան Աննա

ք. Երևան

31.03.2015թ.

Նամակ իռլանդացուն

31 մարտի, 2015 թ., Երևան

Բարև հագելի´ իռլանդացի: Ես Ձեզ դիմում եմ այսպես, քանի որ չգիտեմ ձեր անունը: Ես հայուհի եմ` այդ երամի կռունկներից մեկը: Անկասկած, ինձ համար դժվար է նամակ գրել, որովհետև համոզված չեմ, որ ինձ ճիշտ կհասկանաք, բայց չգրել նույնպես չեմ կարող: Ես կարծում եմ, որ արվեստը` երգը, երաժշտությունը, ազգություն չի ճանաչում, և եթե այն բխել է մարդու հոգուց, չի կարող չհուզել դիմացինին` նրան, ով հոգի ունի: Ներեք ինձ կոպիտ խոսքերիս համար, բայց եթե ուզում եք հասկանալ, թե ինչու էր լաց լինում ձեր կինը Կոմիտասի ‹‹Կռունկը› լսելիս›, կասեմ Ձեզ, ավելի ճիշտ խորհուրդ կտամ. ինքներդ Ձեզ հարց տվեք` արդյո՞ք դուք ‹‹սիրտ ունեք››, և եթե այո, ապա ինչից կարող է այն ցավել կամ ուրախանալ:

Մտածեք այդ մասին, ու եթե գտնեք պատասխանը, խնդրում եմ, գրե´ք ինձ:

Հովսեփյան Լիլիթ

Նամակ իռլանդուհու ամուսնուն

31 մարտի, 2015 թ., Երևան

Հարգելի´ պարոն,

Դուք զարմացաք, թե ինչու Կոմիտասի «Կռունկ» երգը լսելով` Ձեր կինը այդպես հուզվեց: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ եթե նա էլ անգլիացի լիներ, միգուցե այդպես չհուզվեր: Նա ,այդ երգը լսելով, զգաց ` ինքն էլ ի´ր երամից կտրված կռունկի նման հեռու է մնացել հարազատ հողից, և հիշեց, թե ինչքա՜ն է կարոտել իր հայրենի սարերն ու դաշտերը: Ձեր կինը ամեն ինչ կանի, որ նորից հայրենի աղբյուրի ջրից մի կում խմի: Ու նա վախեցավ, թե հեռացած կռունկի նման մի օր պետք է մեռնի իր հայրենիքից հեռու` կարոտը սրտում:

Դուք չեք կարող հասկանալ նրա վիշտն ու ցավը, որովհետև չգիտեք` ինչքան ցավալի է պանդուխտության մեջ ապրելը:

Սոհրաբյան Նաիրի

Նամակ Կոմիտասին

Ես Էրիկն եմ, տասնմեկ տարեկան: Մի սովորական հայ տղա, XXI դարի աշակերտ:

Ձեր մասին բազմիցս լսել եմ ծնողներիցս, տարրական դպրոցում՝ երգի ուսուցչից: Ձեր կյանքը իսկապես ողբերգական է եղել: Մանկություն առանց ծնողների, աներևակայելի աղքատ ու թշվառ կյանք, բայց այդքան պայծառ լույս ուրիշների կյանքում: Կարծում եմ` շատ դժվար է եղել Ձեզ համար, և ինչքան դժվար է եղել, այնքան բարի եք դարձել: Այդ բարությամբ են ներծծված Ձեր հուզիչ երգերը, Ձեր մեղմ մեղեդին: Տարբեր զգացումներ են արթնանում տխուր, կարոտով ու ափսոսանքով լի, այնչափ լուսավոր ձեր երաժշտությունից: Ես չեմ կարող ճիշտ գնահատել Ձեր մեծությունը և անցած ուղին, բայց համակարգչում առկա Ձեր «Կռունկ» երգի հնչյունների տակ գրում եմ:

Շնորհակալ եմ, Վարդապե՛տ, որ եղել եք, որ փորձել եք աշխարհը մի քիչ բարությամբ լցնել:

Թերզիյան Էրիկ

Նյութը պատրաստեց հայոց լեզվի և գրականության ամբիոնի ուսուցչուհի Կարինե Ասատրյանը

Back to the list



Մուտք համակարգ
Լոգին:
Գաղտնաբառ:
Register
Մոռացե՞լ եք ձեր ծածկագիրը
Երախտիքի խոսքեր

Նարեկի նամակը քվանտականին
Բարև ձեզ
Իմ անունը Նարեկ է, և այս նամակով...