08.09.2022
Ուսուցման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար «Քվանտ» վարժարանում մի շարք քայլեր են ձեռնարկում՝ մեծապես կարևորելով համագործակցությունը նաև կրթական այլ հաստատությունների հետ։ Նմանատիպ համագործակցության գեղեցիկ օրինակ է նաև նախաձեռնությունը, որը իրականացվեց վարժարանի և ամերիկյան համալսարանի միջև։
Ամերիկյան համալսարանի "Arts of Business Science" և "Computer Science" ֆակուլտետների երկրորդ կուրսի ուսանող Կարլեն Ավագյանը և Անդրե Խաչատրյանը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի դասընթացի շրջանակում իրականացրին մի հետաքրքիր նախաձեռնություն․ նրանք դաս վարեցին «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի մի խումբ աշակերտների հետ։ Դասի թեման էր՝ «Ինչպե՞ս կառուցել ճիշտ երկխոսություն»։ Հեռավար այդ դասին ներկա էին նաև ամերիկյան համալսարանի դասախոս Անահիտ Հովհաննիսյանը և «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության մասնագետ Լիլիթ Հակոբյանը։
Դասի առաջին մասում բանախոսները հանդես եկան թեմային վերաբերող տեսական համապարփակ նյութի ներկայացմամբ։ Դասի երկրորդ մասն աչքի ընկավ ինտերակտիվ մեթոդների հմուտ կիրառությամբ․ տղաները սովորողներին բաժանեցին խմբերի և տվեցին առաջադրանքը։ Սահմանված ժամանակում քվանտականները կատարեցին առաջադրանքը՝ հանդես գալով հետաքրքիր լուծումներով։
Դասը չափազանց տպավորիչ էր քվանտականների համար։
Ուզում ենք ուրախությամբ նշել, որ Կարլեն Ավագյանը «Քվանտ» վարժարանի լավագույն շրջանավարտներից է և առիթը բաց չի թողնում հարազատ կրթօջախի հետ տարբեր նախագծեր իրականացնելու։
Համոզված ենք, որ նմանատիպ մտահղացումների իրականացումը զգալի կնպաստի հանրակրթական օղակ-բուհ կապի ամրապնդմանը։