Սովորում ենք ստեղծարար մտածել․․․

08.09.2022

Ուսումնական տարվա առաջին կիսամյակի ավարտը հագեցած էր բազմազան ու բազմապիսի միջոցառումներով։ Դրանցից մեկն էլ գրող, հրապարակախոս, դասագրքերի հեղինակ Վաչագան Սարգսյանի նախաձեռնությամբ կազմակերպված խաղ-մրցույթն էր։ Վ․ Սարգսյանի դասավանդած «Ստեղծարար մտածողություն» առարկայի շրջանակներում անցկացվող այդ մրցույթին մասնակցում էին «Քվանտ» վարժարանի 4-րդ դասարանցիները։
Մրցույթը դատում էր անկողմնակալ մրցատյանը, որում ընդգրկված էին վարժարանի տարբեր առարկաների ուսուցիչներ։ Մրցույթի կազմակերպմանը մեծապես աջակցեցին հիմնադիր դպրոցի ներկայացուցիչները։
Մրցույթի նպատակն էր ամփոփել, ամբողջացնել անցած նյութի իմացությունը, ստուգել սովորողների՝ ոչ ստանդարտ իրավիճակներից դուրս գալու հմտությունները, կոնկրետ առաջադրանքներ կատարելիս ստեղծարար մտածողության դրսևորումները, նրանց՝ երևույթները տարբեր տեսակետներից դիտարկելու ունակությունները և այդ ամենն անել պայծառ տրամաբանությամբ՝ անկաշկանդ ցուցաբերելով իրենց իմացությունները։
Մրցույթում միավորների առավելությամբ հաղթեց վարժարանի 4-2 դասարանը։
Մրցույթն ամփոփվեց դահլիճում ներկա ուսուցիչների, ծնողների, այլ դասարանների սովորողների բուռն ծափահարությամբ, ինչը փայլուն վկայությունն էր այն բանի, որ նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են սովորողների ստեղծարար մտածողության զարգացմանը։