08.09.2022
«Քվանտ» վարժարանի շրջանավարտ Դավիթ Բունիաթյանը օրերս հարազատ կրթօջախում էր։
Հայաստան գալու առիթը WCIT համաժողովին մասնակցելն էր։ Չնայած գերհագեցած գրաֆիկին ու մեծ զբաղվածությանը՝ Դավիթը եղավ նաև «Քվանտ» վարժարանում, որտեղ սովորել է 5-րդ դասարանից։ 11-րդ դասարանից ուսումնառությունը շարունակել է վարժարանի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագրով։ Ապա հրավեր է ստացել և մեկնել աշխարհի առաջատար համալսարաններից մեկը՝ Լոնդոնի համալսարանական քոլեջ՝ ինֆորմատիկայի մասնագետի բակալավրի աստիճան ստանալու համար։
20 տարեկանում Դավիթը Պրինսթոնի համալսարանից առաջարկ ստացավ: Նա Գորդոն Վուի կրթաթոշակ ստացավ՝ ասպիրանտների համար ամենահեղինակավոր կրթաթոշակներից մեկը:
Չնայած երիտասարդ տարիքին՝ Դավիթն արդեն անվանի ձեռնարկատեր է և արհեստական ինտելեկտի ոլորտի մրցունակ գիտնական: Նա հիմնել է ընկերություն, որը պիտի իրականացնի արհեստական ինտելեկտին վերաբերող գիտահետազոտական լրջագույն աշխատանքներ։ Դավիթը ծրագրում է Հայաստանում ևս մեքենայական ուսուցման կիրառական լաբորատորիա բացել:
«Քվանտ» վարժարան այցելելով՝ Դավիթը իր փորձին հաղորդակից դարձրեց ավագ դասարաններում սովորող աշակերտներին, նաև ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորողներին։
Պայծառ քվանտական՝ մարդ, որ իր պատրաստվածությամբ ու փայլուն որակներով արդեն իսկ լուրջ խոսք է ասել համաշխարհային ասպարեզում։ Այսօր նա մեծ հաջողություններ է արձանագրել միայն տքնաջան աշխատանքով։ Նույնը հորդորում է նաև կրտսեր քվանտականներին՝ խորհուրդ տալով ոչ թե մեկ առարկայի մեջ խորանալ, այլ վարժարանում սովորելու տարիներն օգտագործել ֆունդամենտալ գիտելիքներ ձեռք բերելու ուղղությամբ։