ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․

08.09.2022

Ուսումնական տարվա մեկնարկը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ։
Սովորողների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու, նրանց խրախուսելու, մյուսներին էլ ոգևորելու համար վարժարանում արդեն ավանդույթ է դարձել պարգևատրել նախորդ ուստարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտներին։ Այս տարին բացառություն չէր։ Սահմանված անվանակարգերը բազմազան էին։
Ֆիզիկայի հանրապետական և միջազգային օլիմպիադաներում ունեցած փայլուն նվաճումների համար վարժարանի այս տարվա շրջանավարտ Սպարտակ Աղաբաբյանը ճանաչվեց «Լավագույն շրջանավարտ»։
«ՄԲ լավագույն շրջանավարտ» անվանակարգի հաղթող ճանաչվեց «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտ Աննա Մոսոյանը, իսկ նույն ծրագրի մեկ այլ շրջանավարտ Իննա Մոսոյանը արժանացավ «Լայն մտահորիզոն» անվանակարգի հաղթողի կոչմանը։
Քաղաքային և հանրապետական օլիմպիադաներում արձանագրած հաջողությունների համար 10-րդ դասարանի աշակերտ Արայի Խալաթյանը դարձավ «Տարվա լավագույն աշակերտ», իսկ Սիփան Հովսեփյանն ու Միհրան Միրոյանը՝ «ՄԲ լավագույն աշակերտ»։
Ոչ միայն հանրապետական, այլ նաև միջազգային օլիմպիադաներում ցուցաբերած գերազանց արդյունքների, միջազգային ասպարեզում արձանագրած նվաճումների համար «Լավագույն օլիմպիական» ճանաչվեցին Ալեքսանդր Աբելյանը, Լորետա Արզումանյանը, Սամվել Անդրեասյանը, Կարեն Մոսոյանը։
Ուսումնառության տարիներին ցուցաբերած բարձր առաջադիմության, ծավալած հասարակական ակտիվ գործունեության համար Գայանէ Աբգարյանը, Նանե Ասատրյանը և Աշխեն Հակոբյանը ճանաչվեցին «Ակտիվ քվանտական» անվանակարգի հաղթողներ, իսկ Անահիտ Հարությունյանը և Զինաիդա Բարսեղյանը՝ «Հասարակական աշխատանքի ակտիվիստ»։
«Տարվա հայտնությունը» ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորող Սամվել Դավթյանն էր:
Նորանոր հաջողություններ, նվաճումներ մաղթենք բոլոր մրցանակակիրներին։ Թող նրանց օրինակը վարակիչ լինի բոլորի համար։