08.09.2022
Սիրելի′ ներկաներ, մեր տոնական միջոցառման հարգելի′ մասնակիցներ, այսօր 2019թ․ օգոստոսի 31-ն է, նոր ուսումնական տարին սկսելու համար փոքր-ինչ անսովոր օր։ Յոթ տարին մեկ անգամ նման անսովորություն գրանցվում է նոր ուսումնական տարին սկսելու կապակցությամբ՝ պայմանավորված շաբաթվա 7-րդ՝ կիրակի օրով։ Այսօր հենց այդ օրն է։ Բայց դա ամենևին չի խանգարում, որ «Քվանտ» վարժարանում տոնական տրամադրություն թևածի նոր՝ 2019-2020 ուսումնական տարվա մեկնարկի առիթով։
1-ին զանգ, 1-ին պայուսակ, 1-ին ուսուցիչ, հույզեր և սպասումներ․․․
Սիրելի′ փոքրիկներ, այսօր հազարավոր առաջինդասարանցիներ, որոնցից 70 -ը հենց դուք եք, առաջին անգամ ոտք են դնում դպրոցական շեմից ներս: Հենց ձեզ համար է այսօր առաջին անգամ հնչելու դպրոցական 1-ին զանգը։ Հենց ձեզ հետ են առաջին դասը վարելու ձեզ հետ իրենց առաջին հանդիպմանը սրտատրոփ սպասող ձեր դասվարները։
Հայաստանի Հանրապետության օրհներգով, եռագույնը ծածանելով, գույնզգույն փուչիկներով, երգ ու պարով, շնորհավորանքներով, գրկախառնություններով և ձեզ ուղղված ջերմ ելույթներով եք դուք մուտք գործում ձեր կյանքի նոր շրջափուլը՝ ուսումնառության փուլը։
Սրտանց շնորհավորում ենք բոլորիդ ձեր կյանքի կարևոր այս օրվա՝ դպրոցական ուսումնառության սկզբի կապակցությամբ, երբ օրվա խորհրդով պայմանավորված՝ դուք շատ ու շատ և բազմազան նվերներ կստանաք, սակայն ձեր ստանալիք լավագույն նվերը, այսօրվանից սկսած, կլինի ձեր կուտակած գիտելիքը։
Հարգելի′ ծնողներ, «Քվանտ» վարժարանի տնօրենությունը և բոլոր-բոլոր ուսուցիչները կանեն առավելագույնը, որպեսզի ուսումնառության առաջին տարիները ձեր զավակների համար դառնան երջանիկ մանկության ցանկալի շարունակություն, երբ ամուր հիմք կդրվի գիտելիքների հզոր պաշար ամբարելու գործին, ինչին հաջորդող ավելի հասուն տարիներին կավելանան նաև հայրենասիրության, ընկերասիրության, բարության և գթասրտության դասերը։
Սիրելի′ դպրոցականներ, սիրով ճամփորդեք իրական արժեքների, իրական գիտելիքների և որակյալ կրթության աշխարհով, ինչը ձեզ համար խոստանում է ապահովել «Քվանտ» վարժարանը։ Վարժարանի աշակերտական համայնքին նոր անդամագրված առաջինդասարանցիներ։ Սիրե′ք «ՔՎԱՆՏ» վարժարանը որպես ձեր երկրորդ տուն, գնահատե′ք ձեր ուսուցիչներին՝ որպես ձեր հոգևոր ծնողներ։ Սիրո′վ եկեք դպրոց և նույնքան սիրով էլ սովորե′ք՝ կուտակելով գիտելիքների մեծ պաշար, ձեռք բերելով մարդկային բարձր որակներ, որոնք հետագայում կօգնեն ձեզ դառնալ բարձրակարգ և պահանջված մասնագետ, իսկ ամենակարևորը՝ լավ մարդ ու քաղաքացի։
Թե կյանքի ճանապարհները ձեզ հետագայում ուր կտանեն՝ դժվար է ասել, բայց մի բան պարզից էլ պարզ է՝ «ՔՎԱՆՏ» վարժարանը նման է հայրական օջախի․ աշխարհի որ ծայրում էլ լինես, հայրական տունը միշտ կանչում է քեզ։ Մեր, այսուհետ նաև ձեր վարժարանի դռները միշտ բաց են բոլորիդ առջև և′ այսօր, և′ ուսումնառության ողջ ընթացքում, և′ հետագա տարիներին։ Այստեղ միշտ ձեզ սիրով սպասում են մեր ուսուցիչները՝ տեղեկանալու համար ձեր հաջողությունների մասին և հպարտանալու ձեր ձեռքբերումներով։ Հենց այս սպասումներով էլ մաղթում ենք ձեզ բարի գալուստ « ՔՎԱՆՏ» վարժարան, բարի գալուստ ձեր երկրորդ տուն։
Շնորհավոր նոր ուստարի։ Մեզ և ձեզ մեծ հաջողություններ։
31․09․2019 «Քվանտ» վարժարանի տնօրենություն