ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՏՐՎԱԾ Է ․․․

08.09.2022

Գիտելիքի օրվան նվիրված աշխույժ ու տոնական տրամադրությունները գերիշխող են նաև «Քվանտ» վարժարանում։ Հիմնադիր դպրոցն այսօր ընդունում և ջերմորեն ողջունում է իր նոր սաներին։
Հուզմունքի ու ոգևորության, հրճվանքի ու բերկրանքի զգացողությունները միախառնվել են իրար։
Վարժարանի առաջին դասարանի փոքրիկներին ողջունելու էին եկել ոչ միայն տնօրենության ներկայացուցիչները, ուսուցիչներ, նաև լավագույն շրջանավարտներ։ Ուշագրավ է այն, որ այս տարի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում իր այցով քվանտական փոքրիկներին պատվել էր վարժարանում «Պատմություն» առարկա դասավանդած, իսկ հիմա  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Իր շնորհավորական խոսքում նա նշեց, որ փոքրիկների առջև իր դռներն է բացել մի կրթօջախ, որ իր ուրույն դերակատարումն է ունեցել և ունի Հայաստանի նորօրյա պատմության մեջ, ու քվանտական լինելը մեծագույն պատիվ է:
Հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո ներկայացվեց վարժարանի տնօրենության ուղերձը։ Շնորհավորական խոսքով ու մաղթանքներով հանդես եկան վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի լավագույն շրջանավարտներ Սերինե Նազարյանը, Իննա Քոչարյանը։
Իրենց գեղեցիկ համարներով ներկաներին  հաճելի պահեր պարգևեցին հիմնադիր դպրոցի 2-4-րդ դասարանների սովորողները: Ապա հնչեց վարժարանի օրհներգը, որի հնչյունների ուղեկցությամբ դասվարները երեխաներին ուղեկցեցին իրենց դասարաններ, որտեղ նրանք հաղորդակից են լինելու գիտության ու կրթության լույսին։
Բարի երթ մաղթենք մեր աշակերտներին՝ նրանց մաղթելով բազում բացահայտումներ գիտության ու կրթության անեզր աշխարհում․․․