Մասնագիտության ընտրություն ոլորտում կայացած մասնագետի հետ զրույցից հետո

08.09.2022

«Քվանտ» վարժարանում սկսվել է հանդիպումների շարք, որի նպատակն է նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշման բարդ հարցի լուծմանը։ Ամեն հանդիպման ժամանակ կներկայացվի մի մասնագիտություն, և այդ մասնագիտության մեջ կայացած անհատը կխոսի հաջողության հասնելու իր ուղիների մասին։
Օրերս կայացավ առաջին հանդիպումը, որի հյուրը վարժարանի շրջանավարտ Արտավազդ Մինասյանն էր։
Նա խոսեց աշխարհում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններից մեկի՝ ծրագրավորման, ինչպես նաև այն դժվարությունների ու հաղթանակների մասին, որոնք ունեցել է ինքը այդ ասպարեզում կայանալու ճանապարհին։
Արտավազդ Մինասյանն ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է։ Զուգահետ սովորել է նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման մագիստրատուրայում։ 18 տարեկանից զբաղվել է գործարարությամբ։ Ներկայումս 2Hz ընկերության համահիմնադիր/տեխնիկական տնօրենն է։ 2Hz-ը ստեղծում է ձայնի բարելավվման և աղմուկի հեռացման տեխնոլոգիաներ՝ հիմնված մեքենայական ուսուցման մեթոդների վրա։ Արտավազդը նաև 10Web ընկերության հիմնադիր տնօրենն է. Ընկերության պրոդուկտները օգտագործվում են ավելի քան երկու միլիոն վեբ կայքերում։
Հանդիպման ընթացքում քվանտական պատանիները հնչեցրին բազմաթիվ հարցեր, որոնք բոլորն էլ ստացան սպառիչ պատասխաններ։ Ծրագրավորող դառնալու ճանապարհը, նաև այդ ճանապարհին հանդիպող դժվարությունները նրանց համար արդեն զգալիորեն պարզ են։