ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓԱՅԼՈՒՆ ՕՐԻՆԱԿ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ․․․

08.09.2022

Կրթական գործընթացներում լավագույն արդյունքի հասնում են նաև ուսումնական հաստատությունների սերտ համագործակցության, փորձի փոխանակման շնորհիվ։
«Քվանտ» վարժարանը մշտապես կարևորել է համագործակցությունը ինչպես մեր հանրապետության, այնպես էլ արտերկրի կրթական այլ հաստատությունների հետ։ Նմանատիպ համագործակցության փայլուն մի օրինակ է ՌԴ թիվ 1329 դպրոցի հետ գործընկերությունը։
Օրերս Հայաստան է ժամանել այդ դպրոցի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող ուսուցիչների և աշակերտների՝ 16-հոգանոց պատվիրակությունը։ Այցելության մեկնարկը տրվեց վարժարանի հյուրընկալ հարկի տակ․ հենց առաջին օրը ռուսական դպրոցի և վարժարանի աշակերտների հետ հետաքրքիր ու բացառիկ դասեր անցկացրին անգլերենի, էկոնոմիկայի, հոգեբանության ուսուցիչները, ապա շրջայց կատարեցին վարժարանի տարածքում, եղան տարբեր մասնաշենքերի հետաքրքիր հատվածներում։ Երկու դպրոցների սովորողները հանդես եկան իրենց հաստատությունների մասին պատմող պրեզենտացիաներով։ Ռուս աշակերտները իրենց հայ ընկերներին հանձնեցին նվերներ։
Ռուսական դպրոցի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում կլինեն շուրջ մեկ շաբաթ և գերհագեցած գրաֆիկով կկազմակերպեն իրենց աշխատանքները։ Վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները նախաձեռնել են նաև տարբեր էքսկուրսիաներ թե´ Երևանում, թե´ Հայաստանի տարածքում՝ փորձելով հյուրերին ծանոթացնել մեր տեսարժան վայրերին։
Եկող տարվա ամռանը նույն այդ համագործակցության շրջանակում վարժարանի պատվիրակությունը կհյուրընկալվի ՌԴ միջազգային դպրոցում։
Ուզում ենք հավատալ, որ «Քվանտ» վարժարանի ու ռուսական թիվ 1329 դպրոցի համագործակցությունը չափազանց արդյունավետ կլինի և կվերածվի ջերմ բարեկամության՝ երկու կողմերին էլ մղելով նորանոր բացահայտումների ու նվաճումների։