08.09.2022
«Բարձր տեխնոլոգիաները կառավարության առաջնահերթություններից են, իսկ դպրոցը հենց այն վայրն է, որտեղից սկսվում է ոլորտի զարգացում»,- նշել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Քվանտ» վարժարան կատարած այցելության ժամանակ:
Այցի նպատակը 2015 թվականից ՀՀ 10 ավագ դպրոցներում «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների փորձնական ներդրման արդյունքների ներկայացմանը և ամփոփմանը մասնակցելն է։ Միջոցառմանը ներկա էին Տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների՝ ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա և «Յունիքոմփ», գործատուների միության, ինչպես նաև ծրագրում ընդգրկված դպրոցների («Քվանտ» վարժարան, Ա․ Շահինյանի անվ․ ֆիզմաթ դպրոց, Պոլիտեխնիկի ավագ դպրոց, «Ֆոտոն» վարժարան) ներկայացուցիչները:
ՀՀ ԿԳ նախարարության և վերը նշված ընկերությունների միջև 2015 թվականին ստորագրված փոխըմբռնման հուշագրի նպատակը ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակի բարձրացումն էր:
Ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրենները իրենց խոսքում հաստատեցին, որ ՏՀՏ առարկաների ներդրումն ավագ դպրոցների բնագիտական հոսքերում օգտակար է և չափազանց կարևոր նշանակություն ունի սովորողների մասնագիտական կողմնորոշման հարցում:
Այցի ընթացքում նախարարը հանդիպեց նաև «Քվանտ» վարժարանի՝ ՏՀՏ առարկայախումբն ուսումնասիրող աշակերտների հետ, ծանոթացավ նրանց աշխատանքի առանձնահատկություններին։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |