ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉՈՎ ԴԵՊԻ ՀԱՐԱԶԱՏ ԿՐԹՕՋԱԽ․․․

08.09.2022

«Քվանտ» վարժարանը ոչ միայն ուսումնակրթական հաստատություն է, այլև մարդկային հարաբերությունների կերտման մի յուրօրինակ դարբնոց, որտեղ անցկացրած յուրաքանչյուր օրը լի է հիշարշան դրվագներով։ Գուցե նաև այդ է պատճառը, որ ավարտելուց տարիներ անց էլ վարժարանի շրջանավարտները մեծագույն ջերմությամբ ու խանդավառությամբ են հիշում ուսանելու տարիները, թեկուզ Հայաստանից դուրս շարունակում են կապը չխզել հարազատ կրթօջախի հետ և հայրենիքում լինելու դեպքում առիթը բաց չեն թողնում այցելելու իրենց սիրելի ուսուցիչներին։ Դրա լավագույն վկայությունը վարժարանի 1993 թվականի ֆիզմաթի հոսքի շրջանավարտներ Արման Խալաթյանի, Տիգրան Մանսուրյանի և Երանիկ Մովսեսյանի այցն էր «Քվանտ»։ Հարկ է նշել, որ տղաները Հայաստանում չեն բնակվում։ Եվրոպական երկրներում բնակվող մեր շրջանավարտները լրջագույն հաջողություններ են արձանագրել գիտության մեջ (աստղաֆիզիկա, լազերային ֆիզիկա, բժշկություն), արդեն իրենց ոլորտների մրցունակ մասնագետներ են, բայց երբեք չեն մոռացել հարազատ կրթօջախը։
Վարժարանն ավարտելուց 25 տարի անց նրանք ամենայն մանրամասնությամբ հիշում ու ոգևորությամբ պատմում են  դպրոցական տարիների դրվագները՝ հավաստելով, որ վարժարանական կյանքի ժամանակահատվածի հետ կապված ապրեցնող ու քաղցր հուշեր կան։