08.09.2022
«Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը սրբորեն հետևում է բացառիկ քվանտականների օրինակին և շարունակում է նրանց լավագույն ավանդույթները։
«Օժտված երեխաներ-2015» մրցույթում հիանալի արդյունք արձանագրելով՝ նա բոլորին ցույց տվեց, որ մարտական է տրամադրված և պատրաստ է բարձունքներ նվաճելու ոչ միայն վարժարանային, հանրապետական մրցույթներում, այլ նաև միջազգային ասպարեզում։
Ալեքսանդրի այդ խոր համոզումը երկար չսպասեցրեց։
Սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը ՌԴ Իննոպոլիս քաղաքում տեղի ունեցավ «Ինֆորմատիկա» առարկայի Եվրոպայի պատանեկան 2-րդ օլիմպիադան (European Junior Olympiad in Informatics)։ «Քվանտ» վարժարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը նվաճեց ոսկե մեդալ: Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են եվրոպական 21 երկրների մինչև 15 տարեկան 80 պատանիներ։
Ալեքսանդրի օլիմպիական մեկնարկը միջազգային ասպարեզում նշանավորվեց ոսկե հաղթանակով։
Ուզում ենք հավատալ, որ մեր սանի օլիմպիական ուղին հագեցած կլինի բազում փառահեղ էջերով և նոր լիցք կհաղորդի թե՛ Ալեքսանդրին, թե՛ նրան ճանաչողներին։
Անկեղծորեն շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաղթանակներ՝ ի փառս և ի բարօրություն հարազատ կրթօջախի։
+374 10 42-22-17Երևան, Բագրատունյաց 23/2 |