ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՒՄ․․․

08.09.2022

Ուսումնական տարվա ավարտը նշանավորվեց ևս մեկ հաղթանակով։ Այն կերտողը վարժարանի սան Ալեքսանդր Կարալյանն է՝ պատանի, որ արդեն հասցրել է փառահեղ ուղի գծել օլիմպիական պատմության մեջ՝ մի քանի առարկաների միջազգային օլիմպիադաներից վերադառնալով հարուստ ավարով։ Այս անգամ Ալեքսանդրը «Մաթեմատիկա» առարկայից իր գիտելիքներն է չափել 108 երկրի 594 մասնակիցների հետ և արժանացել արծաթե մեդալի։

Նշենք, որ ս․թ․ հուլիսի 3-14-ը Ռումինիայի Քլուջ-Նաբոկա քաղաքում տեղի ունեցավ «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 59-րդ օլիմպիադան, որին մեր հանրապետությունը ներկայացել էր 6-հոգանոց խմբով։ Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ մեր բոլոր 6 մասնակիցներն էլ արժանացել են մեդալների՝ 2 արծաթե և 4 բրոնզե։
Հաջողություն մաղթենք Ալեքսանդրին և հաղթանակած մյուս օլիմպիականներին՝ հարազատ կրթօջախի ու մեր երկրի պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու համար և մաղթենք նորանոր նվաճումներ։