Ժամանակի ոգով, ժամանակին համընթաց․․․

08.09.2022

Ժամանակակից դպրոցում հաջողության հասնելու կարևորագույն գրավականներից մեկը այն է, որ սովորողը հստակորեն պատկերացնի իր ստացած գիտելիքի կիրառելիությունը կյանքում։ Եթե նա հասկանա, թե ինչ է սովորում և ինչի համար, ինչով է դա փոխելու իր կյանքի որակը, գուցե ավելի պատասխանատու և պարտաճանաչ վերաբերմունք դրսևորի։ Ինչ խոսք, չափազանց մեծ է մայրենի լեզվի կարևորությունը անհատի ձևավորման գործում, բայց եթե մի պահ թողնենք այդ թեմայով հնչող բարձրագոչ մեկնաբանությունները և սովորողին ցույց տանք, որ կյանքում զգալի հաջողություններ կարող է արձանագրել նաև հայերենի գերազանց իմացությամբ, գուցե ցանկալի արդյունքը երկար չսպասեցնի։ Նաև դա նկատի ունենալով՝ «Քվանտ» վարժարանի 8-2 դասարանի աշակերտները հայոց լեզվի դասի շրջանակում իրենց ուսուցիչ Լիլիթ Հակոբյանի օգնությամբ ուսումնասիրեցին «Գովազդ» թեման, սովորեցին գովազդային հոլովակ պատրաստելու առանձնահատկությունները և միջառարկայական կապերի հմուտ օգտագործմամբ (ինֆորմատիկայից ունեցած գիտելիքները կիրառելով)՝ հանդես եկան իրենց իսկ պատրաստած գովազդային հոլովակներով։ Կազմակերպվեց մրցույթ, որի մասնակից խմբերը պիտի պատրաստեին գովազդ նախապես հանձնարարված թեմաներից մեկով՝ Հայաստան, հայոց լեզու, «Քվանտ» վարժարան, գիրք։ Մրցույթի անցկացման կարգը և գնահատման չափանիշները ներկայացվեցին մասնակիցներին։ Երկու փուլերի արդյունքում արձանագրվեցին հետևյալ արդյունքները։ Առաջին կարգ ստացավ երկու աշխատանք․ հաղթած հոլովակներից մեկը գովազդում է գիրքը (աշխատանքի հեղինակներ՝ Մկրտչյան Մհեր, Մարտիրոսյան Տիգրան), մյուսը՝ «Քվանտ» վարժարանը (հեղինակ՝ Հրաչյա Սևինյան)։ Երկրորդ կարգի արժանացավ Անանիկյան Միքայելի և Սարգսյան Սարգսի աշխատանքը, երրորդ կարգ ստացան Բաբայան Ալեքսանդրն ու Գրիգորյան Տիգրանը։
Կարգ ստացած աշակերտները ստացան պատվոգրեր։ Խորհրդանշական էին առաջին կարգի մրցանակակիրների պարգևները․ նրանք ստացան Լիլիթ Հակոբյանի՝ վերջերս լույս տեսած ձեռնարկներից, Ավ․Իսահակյանի տուն-թանգարանի և դասական երաժշտության համերգի տոմսեր։