Բարձունքի հաղթահարում՝ նվիրված Անկախության տոնին

08.09.2022

Տարիներ շարունակ սեպտեմբեր ամսին՝ Անկախության տոնին ընդառաջ, քվանտականները մասնակցում են դեպի Թեղենիսի հյուսիսային անտառապատ լանջեր կազմակերպվող արշավին։ Ս/թ սեպտեմբերի տասնհինգին, տասնվեցին, քսանմեկին և քսանչորսին վարժարանի տարրական, միջին և ավագ դպրոցի սաները, նրանց ուսուցիչներն ու ծնողները մեծ խանդավառությամբ մասնակցեցին ավանդական դարձած արշավին։ Սպասվող դժվարություների գիտակցումը չէր խանգարում արշավականների ոգևորությանը: Արշավը մեկնարկեց Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարից և շարունակվեց դեպի Թեղենիս։ Վերելքը որքան դժվարին էր, այնքան հետաքրքիր և հիշարժան: Ճամբար վերադառնալուց հետո քվանտականներին սպասվում էին հետաքրքիր մարզական մրցույթներ՝ «Պարանի ձգում», «Ամենաուժեղ տղա», «Վոլեյբոլի առաջնություն» և այլն։ Մրցույթների հաղթողները խրախուսվեցին տարբեր դիպլոմներով ու մրցանակներով: Արդեն ուշ երեկո էր, երբ արշավականները վառ տպավորություններով վերադարձան Երևան:
Նմանատիպ ամենամյա արշավները հայրենաճանաչության յուրօրինակ միջոց են հանդիսանում, իսկ ընկերների հետ դժվարություններ հաղթահարելը՝ ընկերասիրություն, միմյանց հանդեպ հոգատար վերաբերմունք ձևավորում։