08.09.2022
Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ծնողներ, մեծարգո՛ հյուրեր, պատվարժա՛ն ուսուցիչներ
«Քվանտ» վարժարանի տնօրինությունը սիրով և սրտանց շնորհավորում է բոլորիս՝ սեպտեմբերմեկյան տոնի առթիվ։ Տոն, երբ հանրապետության բոլոր դպրոցներում ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2017-2018 ուստարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը։
Սիրելի՛ փոքրիկներ․
Աշակերտական տոնացույցում սեպտեմբերի 1-ը ամենասպասված տոնն է, բայց այդ օրվան առանձնապես սրտատրոփ են սպասում առաջին դասարանցիները, այսինքն՝ դուք։ Չէ՞ որ սեպտեմբերի 1-ը ձեզ համար դպրոցի հետ շփվելու առաջին օրն է, ինչն ամուր կմնա ձեր հիշողության մեջ ողջ կյանքի ընթացքում՝ որպես ձեր կենսագրության ամենավառ և հիշարժան պահերից մեկը։
Սիրելի՛ առաջին դասարանցիներ․
Այսօր դուք թևակոխում եք ձեր կյանքի հենց այդ շրջանը՝ ուսումնառության փուլը և երևի հստակ չեք էլ պատկերացնում, թե ինչ հետաքրքիր ու հիասքանչ ուղևորություն է սպասվում ձեզ՝ ձեր նախընտրած կրթական օջախում՝ «Քվանտ» վարժարանի պատերի ներսում։
Ձեզ մեծ սիրով և գուրգուրանքով կշրջապատեն մեր խելացի, հմուտ և հոգատար դասվարները․ կտան ձեզ գիտելիքների այն հզոր պաշարը, ինչի հիման վրա հետագայում ձեր առարկայական ուսուցիչները ձեզ կուղեկցեն տարաբնույթ գիտելիքների հետաքրքրաշարժ աշխարհում՝ օգնելով ձեզ ձեռք բերել հիմնարար գիտելիքներ, բավարարել ձեր աշակերտական հետաքրքրությունները, ձևավորվել որպես լավ մարդ և քաղաքացի։
Վստահաբար կարող եմ ասել, որ «Քվանտ» վարժարանում անցկացրած ձեր տարիները կդառնան շատերիդ կյանքի ամենանշանակալից ժամանակահատվածը։
Շա՛տ սիրելի փոքրիկներ, մեր վարժարանի կրտսե՛ր հերթափոխ,
Այսօր վարժարանի բակը ափեափ լցված է ձեր սեպտեմբերմեկյան հուզմունքով, բայց այդ հուզմունքը պատել է նաև մեզ, որովհետև ձեր սրտիկների նուրբ թրթիռը աննկատ վարակել է բոլորիս։
Թող այս տոնական հուզմունքը ձեր և մեր համատեղ մեծ հաջողությունների լավ սկիզբը լինի, իսկ ավարտը նշանավորվի կուտակված գիտելիքների ահռելի պաշարով, անթիվ երջանիկ պահերով և թանկ հիշողություններով։
Կրկին շնորհավորելով ձեզ սեպտեմբերմեկյան տոնի առիթով՝ մաղթում ենք, որ «Քվանտ» վարժարանը ձեզ համար այնքան հարազատ դառնա, որ այն այսուհետև ընդունեք որպես ձեր երկրորդ տուն, իսկ ուսուցիչներին՝ որպես ձեր հոգևոր ծնողներ, որի սպասելիքով էլ ձեզ սրտանց ասում ենք․
Բարի՛ գալուստ «Քվանտ» վարժարան։
Բարի՛ գալուստ ձեր երկրորդ տուն։
«Քվանտ» վարժարանի տնօրինություն