Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի 2015-2016 ուստարվա գործունեության հաշվետվությունը

08.09.2022

Մայիսի 12-ին տեղի ունեցավ 2015-2016 ուստարում «Քվանտ» վարժարանի գործունեության հաշվետվության շնորհանդեսը, որին ներկա էր վարժարանի ուսուցչական ողջ կոլեկտիվը: Շնորհանդեսի սկզբում հրատարակված աշխատանքը կարևորեց ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Լևոն Ասատրյանը. «Զգալի աշխատանք է կատարվել վարժարանում նախորդ ուսումնական տարվա ընթացքում, և այս գրքույկը ամփոփ ձևով ներկայացնում է այդ գործունեության ցուցանիշները»: Նա հավելեց, որ այսուհետ նույնաբնույթ հաշվետվություն է կազմվելու բոլոր ուստարիների համար, և խոսքը փոխանցեց գաղափարի մտահղացման հեղինակին՝ պատմության ուսուցիչ Միքայել Մալխասյանին: 

Վերջինս ներկայացրեց հաշվետվության կարևորությունը, կառուցվածքը և բովանդակությունը, ինչպես նաև շեշտեց դրա կազմման գործում յուրաքանչյուր ուսուցչի պատասխանատու մոտեցման անհրաժեշտությունը. «Յուրաքանչյուր ուստարվա վերջում մենք ունենում ենք հաշվետու սեմինար, որտեղ բոլոր ամբիոնների վարիչներն ամփոփում են իրենց տարեկան գործունեության ցուցանիշները և ներկայացնում կոլեկտիվին: Այժմ այդ ամենն ի մի է բերվում՝ արձանագրելով վարժարանի պատմությունը տվյալ ուստարում»:
Գրքույկի ներկայացումից հետո փոքրիկ քննարկում ծավալվեց դրա առանձին հատվածները հաջորդ ուստարում ավելի մանրամասն շարադրելու շուրջ: Ինֆորմատիկայի ուսուցչուհի Մերի Ղազարյանը շեշտեց նման հաշվետվության կարևորությունը դպրոցի վարկանիշի ձևավորման հարցում:
Հաշվետվությունը տնօրեն Ռոբերտ Վարդանյանի և փոխտնօրեն Լևոն Ասատրյանի համակարգմամբ կազմել էին Գոհար Սարգսյանը և Միքայել Մալխասյանը, իսկ տեղեկատվության տրամադրման հարցում աջակցել էին Արմինե Հովհաննիսյանը, Արաքսյա Սիմոնյանը և Լուսինե Վարդանյանը: