«Գիտելիքի օրվա» հերոսներն առաջին դասարանցիներն են։

08.09.2022

«Գիտելիքի օրվա» հերոսներն առաջին դասարանցիներն են Այսօր վարժարանի նոր մասնաշենքի բակում տոնական եռուզեռ էր` ծաղիկներ, փուչիկներ, երաժշտություն, ջինջ հայացքներով հրաշք փոքրիկներ և ծնողներ, ովքեր հուզված էին ավելի, քան իրենց երեխաները. չէ՞ որ այսօր իրենց կյանքում ամենահիշարժան ու շրջադարձային օրերից մեկն է` դպրոցական առաջին օրը: Օրվա հանդիսավոր բացումը հայտարարվեց ՀՀ օրհներգի հնչյուններով: Երևանի քաղաքապետի ուղերձն ընթերցեց աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, որից հետո իր և վարժարանի տնօրենության կողմից առաջին դասարանցիներին ջերմ ողջունեց Արաքսյա Սիմոնյանը: Փոքրիկներին իրենց բարեմաղթանքներն ասացին նաև ավարտական դասարանի աշակերտուհի Արփին, վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2014-2015 ուստարվա շրջանավարտներ Մարին ու Արգամը: Վերջիններս արդեն Մյունխենի և Էդինբուրգի համալսարանի ուսանողներ են և փոքրիկներին մաղթեցին որպեսզի նրանք կրկնեն, ինչու՞ չէ, նաև գերազանցեն իրենց հաջողությունները: Արդեն ավանդույթ է դարձել մեր շրջանավարտների վերդարձը վարժարան ծնողի կարգավիճակում. «Քվանտի» 1995 թ. շրջանավարտ Գևորգ Օհանջանյանը, ով վարժարանն ու ԵՊՀ-ն ավարտելուց հետո մեծ հաջողությամբ իր աշխատանքային գործունեությունն էր ծավալում Կորեայում, այսօր վերադաձել է հենց այդ համոզմունքով: Իր շնորհակալական և շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև 2002 թ. շրջանավարտ Արմինե Վարդանյանը: Եվ ահա, ջերմ բարեմաղթանքներից հետո եկավ ամենասպասված պահը. փոքրիկները հանդիպեցին իրենց առաջին ուսուցիչներին, ովքեր հիմնարար գիտելիքներ պետք է տան և դառնան իրենց հարազատ ընկերը: Եռագույնը խորհրդանշող գույներով զարդարված վարժարանի կրծքանշանները ստանալուց հետո նրանք դարձան լիիրավ քվանտական: Հնչեց դպրոցական առաջին զանգը: Սակայն այսքանով տոնական օրը չավարտվեց: Գեղեցիկ զարդարված դահլիճում իրենց կրտսեր ընկերների համար անակնկալ էին պատրաստել վարժարանի երկրորդ դասարանի սաները` երաժշտության ուսուցչուհի Աննա Վիրաբյանի հետ միասին մատուցելով հրաշալի փոքրիկ համերգ: Այնուհետև օրվա հերոսները ջերմ ծափողջույնների ներքո ուղևորվեցին դեպի իրենց դասասենյակները` ծանոթանալու իրենց առաջին ուսուցչի և ընկերների հետ, թերթելու առաջին գիրքը` Այբբենարանը: Եվս մեկ անգամ շնորհավորում ենք մեր փոքրիկներին և նրանց ծնողներին` ջերմորեն ասելով` բարի գալուստ «Քվատ» վարժարան: