Օժտված երեխաներ որոնեցինք ու գտանք նաև արտակարգ իրավիճակի պայմաններում․․․

08.09.2022

«Քվանտ» վարժարանը արդյունավետ կերպով շարունակում է իր գործունեությունը ցանկացած իրավիճակում՝ ոչ մի քայլով հետ չմնալով իր նախանշած ծրագրերից։ Անգամ ողջ աշխարհին պատուհասած աղետալի համավարակը քվանտականներին հետ չպահեց փայլուն կազմակերպելու և իրականացնելու տարբեր միջոցառումներ։ «Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր։
«Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 24-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։
Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Ուրախալի է այն փաստը, որ վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։
Այս տարի, ստեղծված արտակարգ իրավիճակով պայմանավորված, մրցույթի առաջին փուլերն անցկացվեցին հեռավար հարթակում։ Տարբեր տարիքային խմբերի շուրջ 500 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Մրցույթի վերջին՝ երրորդ փուլը կազմակերպվեց վարժարանում։ Առավելագույն միավորներ վաստակած 44 սովորող արժանացան խրախուսանքի։
Հարկ ենք համարում նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և ուրիշներ։
Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները արժանանում են նաև կրթաթոշակի կամ միանվագ պարգևի:
Խորապես հավատում ենք, որ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։