ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՇԽԱՐՀՒՆ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ
18.07.2024
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են միջազգային կրթական-մշակութային տարբեր կառույցների հետ համագործակցությունը։
Արդեն մի քանի տարի է՝ վարժարանի ավագ դասարաններում սովորող մի խումբ պատանիներ մասնակցում են «Дети Содружества» անունը կրող միջազգային երիտասարդական ֆորումին։ ԱՊՀ մի շարք երկրների մի քանի հարյուրի հասնող պատանիներ հնարավորություն են ունենում հաղորդակից լինելու միմյանց մշակույթներին, ազգային առանձնահատկություններին, ավանդույթներին։
Քվանտական պատանիների խումբը այս տարի Ղրղզստան է մեկնել վարժարանի աշխատակիցներ Սոս Աղամիրյանի և Արաքս Հովակիմյանի ղեկավարությամբ։ Հայկական պատվիրակությունը երիտասարդական ֆորումի շրջանակում մասնակցել է բազմաբնույթ մի շարք միջոցառումների։ Ուշագրավ է հատկապես այն, որ քվանտական պատանիները այլ ազգությունների ներկայացուցիչ իրենց տարեկիցներին սովորեցրին հայկական ազգային պարերը (քոչարի, խամխամա և այլն), ծանոթացրին ազգային խոհանոցի առանձնահատկություններին՝ տեսական մասից սահուն անցում ապահովելով դեպի գործնականը և ԱՊՀ երկրների պատանիների հետ միասին փաթաթելով շուրջ 400 տոլմա: Գեղեցիկ էր նաև Վարդավառի տոնի նշումը՝ հագեցած Համբարձման տոնի բոլոր մանրամասներով:
Դե ինչպես միշտ, քվանտականները չէին կարող չառանձնանալ․ յուրաքանչյուր պատվիրակություն ունի հնարավորություն տարբեր համարներով ներկայացնելու ազգային մշակույթից դրվագներ։ Հայաստանի պատվիրակությունը, հանձինս քվանտականների, հանդես եկավ ոչ թե առանձին համարներով, այլ մի ինքնատիպ ներկայացմամբ, որը ազգային երգ ու պարի, հայ ժողովրդի պատմության գեղեցիկ համաձույլ էր։ Այն արժանացավ բոլորի, այդ թվում՝ ֆորումի ղեկավարների բարձր գնահատանքին։
Միջազգային նմանատիպ նախաձեռնությունները համամարդկային արժեքներին հաղորդակից լինելու, ազգային մշակույթը արժանիորեն ներկայացնելու փայլուն հնարավորություն են։ Քվանտական պատանիները պատվով ներկայացրին թե՛ մեր երկիրը, թե՛ հարազատ կրթօջախը։
Հ.Լ.
Ստորև ներկայացնում ենք ներկայացման հղումը, որը դրված է վարժարանի յութուբյան ալիքում՝