Նորություններ

ԲԱՑԱՌԻԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ ՀՅՈՒՐԻ ՀԵՏ

08.07.2024

 

   ՀՀ կրթական այլ հաստատություններում ուսումնական տարին վաղուց ավարտվել է, իսկ քվանտականների համար այն դեռ շարունակվում է:

   Կոտայքի մարզի Աղավնաձորի «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում քվանտական պատանիները ոչ միայն ծանոթանում են ռազմարվեստի առանձնահատկություններին, գաղտնիքներին, այլև բացահայտում և յուրացնում են դարի պահանջված ուղղությունները, հանդիպում-դասախոսություններ ունենում այդ ուղղությունների՝ աշխարհի մրցունակ մասնագետների հետ:

   Օրերս նման բացառիկ մի զրույց-դասախոսություն էր կազմակերպվել: Թեման կենսական նշանակություն ունեցող մի խնդիր էր՝ արհեստական բանականությունը և դրա բերած առավելություններն ու թերությունները: Բանախոսը ԱՄՆ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր, ոլորտի ամենափորձառու և արհեստավարժ մասնագետ, ինչպես նաև «Քվանտ» վարժարանի լավագույն բարեկամ Արամ Գալստյանն էր: Նա խոսեց վերջին տասնամյակներում մարդկությանը զբաղեցրած կարևորագույն հարցի՝ արհեստական բանականությամբ պայմանավորված զարգացումների մասին, ներկայացրեց դրան վերաբերող առանցքային հասկացությունները: Անդրադարձ եղավ նրան, որ ժամանակակից աշխարհում արհեստական բանականության շնորհիվ մշակվում են ծրագրեր, որոնք իրականացնում են կոնկրետ հանձնարարություններ և օգտագործվում տարբեր ոլորտներում՝ շատ դեպքերում հեշտացնելով մարդու գործը:

    Բանախոսը անդրադարձավ նաև ոլորտի զարգացման հեռանկարներին՝ ներկայացնելով դարի պահանջված մասնագիտությանը կատարելապես տիրապետելու առավելությունները: Ուշագրավն այն էր, որ այդ ամենն արվեց այնքան մատչելի ու հետաքրքիր ձևով, որ կարճ ժամանակ անց դասախոսությունը վերածվեց հետաքրքիր երկխոսության: Պատանի քվանտականները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան դրանց սպառիչ պատասխանները, ներկայացրին նաև իրենց կարծիքները՝ նշելով, որ որոշակիորեն ծանոթ են արհեստական բանականության բերած առավելություններին, մասնավորապես Chat GPT-ին և վերջինիս օգտագործման առանձնահատկություններին:

    Հանդիպումն անցավ շատ անմիջական ու անկեղծ մթնոլորտում և աչքի ընկավ իր մեծ արդյունավետությամբ:

    Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ հանդիպումները մեծապես նպաստում են սովորողների՝ դարի պահանջներին համապատասխան մասնագիտություններին ավելի մոտ լինելուն, դրանց կարևորությունը գիտակցելուն և աշխարհի գիտակրթական զարգացումներին համընթաց քայլել կարողանալուն:

                                                                                                                        Հ.Լ.