ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԳԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
25.05.2024
Հայ ազգային մշակույթի հարուստ գանձարանում ուրույն տեղ ունի գորգագործությունը: Իրենց յուրահատկություններով ու ճանաչվածությամբ առանձնանում են Արցախի գորգերը:
Օրերս «Քվանտ» վարժարանի 5-2 դասարանի սովորողները դասղեկ Ա. Ստեփանյանի ուղեկցությամբ եղան Արցախի գորգերի «Արցախ կարպետ» ցուցադրության սրահում: Այնտեղ ներկայացված են հայկական ձեռագործ գորգեր, որոնք ստեղծվել են Արցախի տարբեր բնակավայրերում:
Սրահի՝ հմուտ վարպետների, նկարիչ-ձևավորողների, տեխնոլոգների ձեռամբ ստեղծված գորգերից յուրաքանչյուրը իրենից ներկայացնում է ստեղծագործական յուրատիպ արտադրանք:
«Արցախ կարպետ»-ի սրահներում ներկայացված են նաև հայկական գորգանախշերով և զարդատառերով շարֆեր, սփռոցներ, պայուսակներ և այլն:
Քվանտական պատանիները մեծագույն հետաքրքրությամբ ծանոթացան գորգերի, առանձին նախշերի առաջացման պատմությանը, դրանց նշանակությանը:
Այցելությունն էլ ավելի հիշարժան դարձավ նրանով, որ քվանտականներն էլ փորձեցին տեղում սովորել գորգ գործելը և մասնակից դարձան գորգի ստեղծման աշխատանքներին: Նրանք այնքան էին խանդավառվել, որ մեծ նվիրումով կատարում էին իրենց վստահված այդ պատասխանատու աշխատանքը:
Նմանատիպ էքսկուրսիաները մեծապես նպաստում են սովորողների՝ ազգային արժեքների, մշակույթի հանդեպ մեծ սեր ու հարգանք ձևավորելուն: