ՊԱՏԱՆԻ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ՝ ՉԱՐԵՆՑԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀՅՈՒՐ
15.05.2024
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են գրականության, դասական գրողների նկատմամբ մեծ սերն ու ճանաչողությունը և ոչ թե բավարարվում են դասընթացի շրջանակում ուսումնական նյութի մատուցմամբ, այլ պարբերաբար կազմակերպում են էքսկուրսիաներ տարբեր գրողների տուն-թանգարաններ:
Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բանաստեղծի կյանքի, գրական-մշակութային, հասարակական-քաղաքական գործունեության ուսումնասիրության կենտրոնն է: Հենց այստեղ այցելեցին վարժարանի 7-2 դասարանի պատանիները՝ դասղեկ Մերի Ղազարյանի առաջնորդությամբ:
«Գրականություն» առարկայի դասընթացի շրջանակում աշակերտները արդեն ծանոթացել էին 20-րդ դարի հայ գրականության հանճարեղ ներկայացուցիչներից մեկի՝ Եղիշե Չարենցի կյանքին, գործունեությանը, ստեղծագործություններին, ինչպես նաև գրողի ապրած ժամանակաշրջանի առանձնահատկություններին: Այս էքսկուրսիան հնարավորություն տվեց էլ ավելի ընդգրկուն և ամբողջական դարձնելու գիտելիքը, ինչպես նաև իմանալու նոր բաներ գրողի մասին:
Թանգարանի ցուցասրահի յուրաքանչյուր հատված ներկայացնելիս էքսկուրսավարը իր խոսքը համեմում էր գրողի հայտնի ստեղծագործությունների առանձին հատվածների գեղեցիկ մատուցմամբ:
Թե՛ դասղեկի, թե՛ աշակերտների դիտարկմամբ էքսկուրսիան հագեցած էր, հետաքրքիր ու տպավորիչ: Նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են համակողմանի և բազմակողմանի զարգացած անհատի կերպարի ձևավորմանը: