Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԱՐԴԵՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է...

09.04.2024

       «Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ նախաձեռնություններից մեկի՝ փոքրիկ քվանտականների ձեռքով պատրաստված գրքերի՝ այս տարվա ցուցահանդես-վաճառքից գոյացած հասույթը նույնպես ծառայեց իր նպատակին:
Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 500 գիրք։
       Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարին՝ 1 միլիոն վեց հարյուր հազար դրամ, գումարվեցին նաև մի բարեգործի տված 300.000 դրամը և վարժարանի տնօրենության կողմից տրված 100.000 դրամը: Ընդհանուր գումարը կազմեց 2.000 000 դրամ, որն այս տարի տրամադրվեց վարժարանի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ուսումնամարզական կենտրոնին հարակից երկու գյուղերում (Մեղրաձոր, Աղավնաձոր) ապաստանած արցախցի տասը ընտանիքների՝ յուրաքանչյուրին 200.000-ական դրամ։ Կարևոր ենք համարում արձանագրել, որ նշված համայնքներում ապաստանած մեր հայրենակիցները քվանտականների ուշադրության կենտրոնում են և վերջին մի քանի նախաձեռնությունների շրջանակում ստացել են որոշակի աջակցություն:
     Բարեգործական ամենամյա այս նախաձեռնության իրականացմամբ ևս մեկ անգամ վերահաստատվում է բարեգործ քվանտականի բարի համբավը։
     Գումարն այս անգամ ևս արցախցի մեր հայրենակիցներին փոխանցեցին վարժարանի տնօրենության, հիմնադիր դպրոցի և աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ:
     Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փոքր-ինչ մեղմելով տունն ու հայրենիքը կորցրած մեր հայրենակիցների ցավը, հոգսը ու փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար:                            
Հ․Լ․