Նորություններ

ԵՊՀ-Ի ԵՎ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՁԵՎԱՉԱՓ

04.04.2024

      «Քվանտ» վարժարանի հիմնադրման ակունքներում կանգնած է Երևանի պետական համալսարանը: Վերջինիս հետ գիտական-կրթական համագործակցության բազում օրինակներ կան:

      Օրերս հիմք դրվեց ԵՊՀ և «Քվանտ» վարժարանի համագործակցության մի հետաքրքիր ձևաչափի ևս: Ավարտվեց ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Քվանտ» վարժարանի աշակերտական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Իրական քվանտական» մեգանախագիծը, որն իր ձևաչափով առաջինն էր վարժարանի պատմության մեջ:

      Եռօրյա նախագծի ծրագիրը շատ հագեցած էր. ծրագրին մասնակից շուրջ 40 քվանտականները բաժանվեցին խմբերի և տարբեր խաղերի միջոցով ծանոթացան միմյանց հետ, ապա կազմակերպվեց «Ամենախելացի» մրցույթը, որի ժամանակ քվանտականները փայլեցին իրենց գիտելիքներով:

      Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվել էր հանդիպում ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբեջյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշակերտական և ուսանողական խորհուրդների գործունեությանը, ընդհանրապես կրթությանը վերաբերող տարբեր հարցեր:

     Ծրագրի երրորդ օրը աչքի ընկավ բանախոսությունների առատությամբ: Ուշագրավ էր ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, նաև վարժարանի պատմության ամբիոնի վարիչ Միքայել Մալխասյանի դասախոսությունը՝ «Ինքնակատարելագործում և անձնային աճ» թեմայով:

       «Առաջնորդություն» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ վարժարանի շրջանավարտ Բենիկ Բալայանը՝ ներկայացնելով իրական առաջնորդի կերպարի վերաբերյալ իր մոտեցումը: Ապա կազմակերպվեց հետաքրքիր զրույց վարժարանի տնօրենության ներկայացուցիչներ Ա. Սիմոնյանի ու Ա. Միլիոտոնյանի հետ: Վերջիններս սպառիչ պատասխանեցին աշակերտներին հուզող հարցերին:

       Չափազանց տպավորիչ ու հիշարժան էին նաև ժամանցն ու երեկոյան գեղեցիկ միջոցառումները (համերգ, դիսկոտեկ), որոնք էլ ավելի մտերմացրին, հարազատացրին քվանտականներին:

Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները մեծապես կնպաստեն թե՛ ԵՊՀ-«Քվանտ» համագործակցային հարաբերությունների էլ ավելի սերտացմանը, թե՛ հենց պատանի քվանտականների՝ մեկը մյուսի հանդեպ առավել հոգատար, սրտացավ դառնալուն:                                                                                         Հ. Լ.