Նորություններ

ՀԱՄԱԴՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿՈՒՄ. ԳԻՐՔՆ ՈՒ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ՄՇՏԱԿԱՆ ՈՒՂԵԿԻՑՆԵՐՆ ԵՆ...

04.03.2024

 
    2019 թվականին «Քվանտ» վարժարանում սկիզբ դրվեց գեղեցիկ մի նախաձեռնության: Դրա շրջանակում հիմնադիր դպրոցի սովորողները մեծ խնամքով ու խանդավառությամբ պատրաստում են գրքեր՝ դրանով ցույց տալով իրենց նվիրումը գրքին ու գրականությանը: Միջոցառումը, սակայն, ավելի է արժևորվում նրանով, որ փոքրիկ քվանտականները կազմակերպում են ցուցահանդես-վաճառք, վաճառում իրենց իսկ ձեռքով պատրաստած գրքերը և ողջ հասույթը տրամադրում բարեգործության՝ վերահաստատելով բարեգործ քվանտականի բարի համբավը։
    Այս տարի փոքրիկ քվանտականները պատրաստել էին շուրջ 500 գիրք։ Վաճառքն ուղեկցվեց ցերեկույթով, որին  ներկա էին դպրոցի աշակերտները, ծնողները, ուսուցչական կազմը, հյուրեր։
    Գրքերի վաճառքից գոյացած ողջ գումարը՝ 1 միլիոն վեց հարյուր հազար դրամ, այս տարի կտրամադրվի վարժարանի՝ Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող ուսումնամարզական կենտրոնին հարակից երեք գյուղերում (Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ) ապաստանած արցախցի մի շարք ընտանիքների։ Կարևոր ենք համարում նշել, որ նշված համայնքներում ապաստանած մեր հայրենակիցները քվանտականների ուշադրության կենտրոնում են և վերջին մի քանի նախաձեռնությունների շրջանակում ստացել են որոշակի աջակցություն:
    Ուշագրավ է այն, որ ցուցահանդես-վաճառքի մի քանի հարյուրի հասնող գրքերը սպառվեցին անհավատալի արագությամբ՝ ընդամենը մի քանի ժամում:
    Ուզում ենք հավատալ, որ փոքրիկ քվանտականների այս կարևոր նախաձեռնությունը կծառայի իր նպատակին՝ փոքր-ինչ մեղմելով տունն ու հայրենիքը կորցրած մեր հայրենակիցների ցավը, հոգսը ու փայլուն օրինակ դառնալով նաև այլոց համար:                                                                             
  Հ․Լ․