«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ԳԵՂԵՑԻԿ ՏՈՆԸ․․․
16.02.2024
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ազգային ինքնության, հոգևոր հասունացման ամրապնդմանը վերաբերող ցանկացած միջոցառում։ Տարբեր տոներին նվիրված գեղեցիկ միջոցառումներ են կազմակերպվում։
Վարժարանի բակը լի է տարբեր դասարաններում սովորող աշակերտներով, ուսուցիչներով։ Բակի կենտրոնում մեծ խարույկ է․ «Քվանտ» վարժարանում նշում են Տեառնընդառաջի տոնը․․․ Երգն ու պարը, տոնին նվիրված արարողակարգը մեծապես նպաստում են տոնական բարձր տրամադրության ձևավորմանը։
Կրակի վրայով ցատում են թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները՝ մեծ հույսեր կապելով այդ ցատկի հետ, դրան վերագրելով իրենց նվիրական երազանքի կատարումը, ինչպես նաև իրենցից վանելով անհաջողությունն ու ձախորդությունը։
Տեառնընդառաջի տոնը կապված է Հիսուս Քրիստոսի կյանքից մի դեպքի հետ: Ըստ հրեական օրենքի՝ Մարիամն ու Հովսեփը կյանքի քառասուներորդ օրը նորածին Քրիստոսին տարան տաճար: Այստեղ էլ նրանց ընդառաջ եկավ երկար ժամանակ Աստծո որդու գալստյանը սպասող Սիմեոն ծերունին և տեսնելով մանուկ Հիսուսին՝ միանգամից հասկացավ, որ հենց նա է Տերը:
Սակայն Տեառնընդառաջի ծեսերն ունեն ավելի հին՝ հեթանոսական հիմքեր․ կապված են կրակի մաքրող հատկությունների հետ: Տոնի հիմնական ծեսը կրակ վառելն է: Հնում կարծում էին, որ կրակը ջերմացնում է, դաշտերը բերրի դարձնում ու նպաստում ամուսնական կապերին: