ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԲ «ԴԻՊԼՈՄԱ» ԾՐԱԳՐԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱԾՎԵԼ Է ՋԵՐՄ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ․․․

03.12.2019

Կրթական գործընթացներում լավագույն արդյունքի հասնում են նաև ուսումնական հաստատությունների սերտ համագործակցության, փորձի փոխանակման շնորհիվ։
«Քվանտ» վարժարանը մշտապես կարևորել է համագործակցությունը ինչպես մեր հանրապետության, այնպես էլ արտերկրի կրթական այլ հաստատությունների հետ։ Նմանատիպ համագործակցության փայլուն մի օրինակ է ՌԴ Մոսկվա քաղաքի թիվ 1329 դպրոցի հետ գործընկերությունը։
Օրերս հերթական անգամ Հայաստան է ժամանել այդ դպրոցի՝ Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող ուսուցիչների և աշակերտների՝ արդեն 27-հոգանոց պատվիրակությունը։ Այցելության մեկնարկը տրվեց վարժարանի հյուրընկալ հարկի տակ․ հենց առաջին օրը ռուսական դպրոցի և վարժարանի աշակերտների հետ հետաքրքիր ու բացառիկ դասեր անցկացրին անգլերենի, էկոնոմիկայի, հոգեբանության ուսուցիչները, ապա շրջայց կատարեցին վարժարանի տարածքում, եղան տարբեր մասնաշենքերի հետաքրքիր հատվածներում։
Ռուսական դպրոցի պատվիրակության ներկայացուցիչները Հայաստանում եղան շուրջ մեկ շաբաթ և գերհագեցած գրաֆիկով կազմակերպեցին իրենց աշխատանքները։ Վարժարանի ուսուցիչներն ու աշակերտները նախաձեռնեցին նաև տարբեր էքսկուրսիաներ թե´ Երևանում, թե´ Հայաստանի տարածքում՝ փորձելով հյուրերին ծանոթացնել մեր տեսարժան վայրերին։
Նշենք, որ նույն այդ համագործակցության շրջանակում այս տարվա ձմռանը՝ հունվար ամսին, վարժարանի պատվիրակությունը հյուրընկալվեց ՌԴ Մոսկվա քաղաքի միջազգային այդ դպրոցում, իսկ դրանից առաջ՝ նախորդ տարվա աշնանը, դարձյալ Հայաստանում էին մեր բարեկամ դպրոցի ներկայացուցիչները։
Վստահաբար կարող ենք պնդել, որ «Քվանտ» վարժարանի ու ռուսական թիվ 1329 դպրոցի համագործակցությունը չափազանց արդյունավետ է և արդեն վերածվել է ջերմ բարեկամության՝ երկու կողմերին էլ մղելով նորանոր բացահայտումների ու նվաճումների։