Աշնանային Երևանից դեպի սառնաշունչ Սևան ու Դիլիջան

25.11.2019

Օրերս յուրօրինակ էքսկուրսիա կազմակերպեցին 7-4 դասարանի ծնողներն, աշակերտներն ու դասղեկ Ռ. Արշակյանը: Ուղղությունն ընտրվեց  հյուսիս-արևելք՝  Սևանի վանքային համալիր, Գոշավանք և Հաղարծին: Էքսկուրսիան սկսվեց Սևանի վանքային համալիրից, որտեղ  հարցասեր աշակերտները տեղեկացան, որ Գրիգոր Լուսավորիչն է հիմնել Սևանավանքի առաջին երկու եկեղեցիները` Սբ. Հարությունը և Սբ. Կարապետը, ներկա գտնվեցին կիրակնօրյա պատարագին: Հաջորդ ուղղությունը Գոշավանքն էր:
Գոշավանքը միջնադարյան Հայաստանի կրոնական և կրթամշակութային նշանավոր կենտրոններից մեկն է, ուր 25 տարի ապրել ու գործել է «մեծ վարդապետ» Մխիթար Գոշը: Նա ժամանակի ճանաչված գիտնականներից էր, օրենսդիր,  դավանաբան, մեկնիչ, պատմիչ, առակագիր ու մանկավարժ։ Նրա իմաստության համբավն այնքան է տարածվել, որ շատերը հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան։
Զարմանահրաշ բնությունը իր սպիտակ սավանն էր փռել Հաղարծնի շրջակա անտառների վրա, կարծես ցանկանում էր հրաշակերտ այս վանական համալիրը թաքցնել մարդկային հետաքրքրասեր աչքերից: Սակայն սա միայն շարժեց աշակերտների ու նրանց ծնողների հետաքրքրասիրությունը: Հետաքրքրությամբ տեղեկացան, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ համալիրում  նկուղային ընդարձակ հատված է հայտնաբերվել, որտեղ, ամենայն հավանականությամբ, թշնամիների արշավանքների ժամանակ պահվել են վանքում եղած ձեռագրերը:
Օրվա տպավորություններով, տեսածով ու լսածով տպավորված՝ ուշ երեկոյան էքսկուրսիայի մասնակիցները վերադարձան տուն: