11.11.2019
Հայտնի են ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մասնակցեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը և ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Վարչապետ Փաշինյանն անձամբ պարգևներ հանձնեց «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին:
«Քվանտ» վարժարանի սաները այս անգամ ևս հարուստ ավարով վերադարձան այդ մրցանակաբաշխությունից։ Վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Արթուր Պապյանը և ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորող Միհրան Միրոյանը ճանաչվեցին «Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթողներ։ ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխության «Գլխավոր մրցանակ» անվանակարգի հաղթողը ևս քվանտական է՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորող Սիփան Հովսեփյանը։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր խոսքում նշեց, որ մրցանակաբաշխության 15 տարիների ընթացքում միայն 5 անգամ են «Գլխավոր մրցանակ» անվանակարգի հաղթող առանձնացրել․ արժանի թեկնածուների բացակայության դեպքում այդ մրցանակն ուղղակի չի տրվում։ Ուրախալի է այն, որ արդեն երկրորդ անգամ այդ անվանակարգի հաղթող է դառնում քվանտականը։
Ոգևորիչ մեկ այլ հանգամանք էր այն, որ «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրոս» անվանակարգերի հաղթողների մեջ ևս կային քվանտականներ։ «Լավագույն բակալավր» ճանաչվեց վարժարանի շրջանավարտ, ԵՊՀ ուսանող Ռուբեն Միրոյանը, իսկ «Լավագույն մագիստրոս» անվանակարգի հաղթող՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանող Արման Զաքարյանը, որը նույնպես վարժարանի շրջանավարտ է։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր նվաճումներ։