ՔՎԱՆՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...

28.10.2019

«Քվանտ» վարժարանի օլիմպիականները երբեք չեն տարվում հաղթական փառքի դափնիներով և չեն բավարարվում ունեցած նվաճումներով: Նրանք մշտապես գերազանց մարզավիճակում են և պատրաստ են մասնակցելու ցանկացած մրցույթի:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթը: «Քվանտ» վարժարանի թիմը այդ մրցույթում արձանագրեց հիանալի արդյունքներ:
Օլիմպիադայի հայաստանյան տարածաշրջանային մրցույթին մասնակցել է հինգ բուհերի (ԵՊՀ, ՀԱՀ, ՃՇՀԱՀ, ԱրՊՀ և Հայ-ռուսական համալսարան) 17 թիմ, նաև «Քվանտ» վարժարանի և «Ֆիզմաթ» դպրոցի աշակերտները:
ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, մրցույթի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանի հավաստմամբ գոհացուցիչ են դպրոցականների ցուցաբերած արդյունքները, որոնք, մրցույթից դուրս չափելով իրենց ուժերը, շատ ավելի լավ են հանդես եկել, քան համալսարանական թիմեր: Հարկ ենք համարում նշել, որ «Քվանտ» վարժարանի թիմը (Սամվել Անդրեասյան, Ալեքսանդր Աբելյան, Արայի Խալաթյան) գրավեց 3-րդ պատվավոր տեղը՝ լուծելով ԵՊՀ լավագույն թիմերի հետ հավասար քանակով խնդիրներ։
Քվանտականները կանգ չառան և շարունակեցին հաղթական արշավը.հաջորդ օրը մեր թիմերը մասնակցեցին ВКОШП մրցույթի համացանցային ընտրական փուլին։ Առաջին թիմը լուծեց 9 խնդիր և լավագույն եռյակում է։ Մյուս թիմը 6 խնդրով 25-րդ տեղում է ավելի քան 320 մասնակիցների մեջ։
Ջերմորեն շնորհավորենք մեր օլիմպիականներին՝ նրանց մաղթելով նորանոր բարձունքների նվաճում: