22.10.2019
Մեկնարկեց անգլերենի ուսուցիչների և դասավանդողների համաժողովը: Այն կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից և ուներ «Դասավանդում հանուն հաջողության» խորագիրը:
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը հավաստիացրեց, որ իրենք մեծապես կարևորում են անգլերենի դասավանդման բարելավումը, իսկ քանի որ դա ավելի լավ կարող են իրականացնել հենց անգլերենի ուսուցիչները, ուստի իրենց նպատակն է վերապատրաստել ուսուցիչներին, նրանց զինել մեթոդական բազմազանությամբ:
Համաժողովի շրջանակում դասախոսություններ ներկայացրին և հետաքրքիր աշխատանքներ իրականացրին ինչպես արտերկրից ժամանած մասնագետները, այնպես էլ Հայաստանի կրթական հաստատություններից ընտրված մասնագետները:
Ընտրված մասնագետների շարքում էր նաև «Քվանտ» վարժարանի անգլերենի ամբիոնի երիտասարդ, բայց ինքնատիպ ու բանիմաց ներկայացուցիչներից մեկը՝ Քրիստինե Տոնոյանը: Նա համաժողովի մասնակիցներին տպավորեց իր բազմաշերտ ու բացառիկ ասելիքով, նրանց ևս հաղորդակից դարձրեց իր փորձին՝ դրանով մեկ անգամ ևս հաստատելով այն պնդումը, որ վարժարանի ուսուցիչները ոչ միայն արարող են, ստեղծագործող, մեթոդական հարուստ զինանոցով, այլև պատրաստակամ են իրենց իմացածը հաղորդելու այլոց: