Հայտարարություններ
Աշակերտական խորհրդի նորություններ
![]() |
Ի՞նչ է ՄԲ-ն: Միջազգային բակալավրիատը (International Baccalaureate - IB) հանրակրթության ոլորտի միջազգային կազմակերպություն է, որը կազմավորվել է 1968 թ.: Այսօր արդեն այն իր մեջ ընդգրկում է 146 երկրի 3668 դպրոց և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ: Միջազգային բակալավրիատն իրականացնում է կրթական քառաստիճան ծրագիր` տարրական (1-4-րդ դասարաններ), միջին (5-10-րդ դասարաններ), «Դիպլոմա» (11-12-րդ դասարաններ) և ԿՍ (Կարիերայի սերտիֆիկատ): Ի՞նչ է ՄԲ «Դիպլոմա» ծրագիրը: «Դիպլոմա»-ն Միջազգային բակալավրիատի ամենաբարձր աստիճանի երկամյա ծրագիրն է, որն իրականացվում է 11-րդ և 12-րդ դասարաններում (նախատեսված է 16-19 տարիքային խմբի համար): Այն ավարտվում է երկրորդ տարվա վերջում՝ մայիս ամսին` Միջազգային բակալավրիատի կողմից իրականացվող քննություններով:
Ի՞նչ առավելություններ ունի ՄԲ «Դիպլոմա» ծրագիրն ավարտած աշակերտը: ՄԲ «Դիպլոմա» ծրագիրը լավագույնն է համարվում այն աշակերտների համար, ովքեր ձգտում ունեն իրենց կրթությունը շարունակելու աշխարհի առաջատար բուհերում: Ծրագրի գերագույն նպատակը համակողմանի ու բազմակողմանի զարգացած, ազգային ու համաշխարհային արժեքներին քաջածանոթ, դրանք կրող ու դրանցով առաջնորդվող վառ անհատականությունների ձևավորումն է: Դրան հասնելու համար օգտագործվում են տարբեր մեթոդներ: Ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, որ համակարգում սովորող աշակերտները գերազանց ու խոր գիտելիքներ ստանան: Հենց դրա շնորհիվ է, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագիրն ավարտած սովորողների ստացած ավարտական վկայականն ընդունելի է աշխարհի առաջատար համալսարաններում ու տալիս է կրթաթոշակ ստանալու հնարավորություններ:
Ինչպիսի՞ն է ՄԲ համակարգը Հայաստանում: 2011 թ. Հայաստանը միացավ Միջազգային բակալավրիատի ծրագրեր իրականացնող երկրներին: «Քվանտ» վարժարանն առաջինն էր, որ դարձավ ՄԲ կազմակերպության անդամ և ստացավ համապատասխան հավաստագիր կրթական քառաստիճան ծրագրերից ամենաբարձրի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագիր իրականացնելու իրավունքով: 2013 թ.-ի գարնանը ՄԲ տարրական դասարանների ծրագրի իրականացման հավաստագիր է ստացել Անանիա Շիրակացի ճեմարանը, իսկ 2013 թ.-ի նոյեմբերին Դիլիջանի միջազգային դպրոցը ստացավ «Դիպլոմա» ծրագրի ուսուցման հավաստագիր:
ՄԲ-ն «Քվանտ» վարժարանում: Առաջին շրջանավարտները: Դեռևս 2011 թ. ՄԲ կազմակերպության անդամ դարձած «Քվանտ» վարժարանն այս տարի` 2013 թ.-ին, տվեց իր առաջին շրջանավարտները: Հայաստանում ՄԲ-ի համակարգի 12 առաջամարտիկները գրանցեցին հրաշալի արդյունք. նրանց վաստակած միջին գնահատականը աշխարհի միջինը գերազանցեց շուրջ 5 միավորով` այդպիսով հնարավորություն տալով նրանցառանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ: Ո՞վ կարող է սովորել ՄԲ-ում: ՄԲ «Դիպլոմա» ծրագրով կարող է սովորել յուրաքանչյուր ոք, ով կազմակերպված է, մոտիվացված, ունի անգլերենի իմացության բարձր մակարդակ, հիմնավոր գիտելիքներ մաթեմատիկայից, բնագիտական կամ հումանիտար առարկաներից: Ո՞րն է ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ուսուցման լեզուն: ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանակներում ուսուցումն իրականացվում է անգլերենով: Ովքե՞ր են դասավանդում ՄԲ-ում: ՄԲ-ում դասվանդում են բարձր որակավորում ունեցող, միջազգային մի շարք ծրագրերով վերապատրաստված դասախոսներ, որանց մի մասը որակավորված է որպես ՄԲ-փորձագետ (IB-examiner), ինչպես նաև արտերկրից հրավիրված մասնագետներ:
Առարկայական ի՞նչ խմբեր են գործում ՄԲ-ում: Ծրագիրն ընդգրկում է առարկաների վեց խումբ, ինչպես նաև միջուկը կազմող բաժինները՝ ընդլայնվածակնարկ (Extended Essay), իմացության տեսություն (TOK-theory of knowledge), ստեղծագործական աշխատանք, ֆիզիկական ակտիվություն, ծառայության մատուցում (CAS - creativity, action, service):
Որո՞նք են գնահատման չափանիշները: Յուրաքանչյուր առարկայի համար գործում է գնահատման 7 միավորանոց համակարգ, միջուկը կազմող բաղադրիչների համար ստանում են առավելագույնը երեք միավոր: Ծրագրի ավարտական քննությունների գումարային միավորը կազմում է 45: Ինչպիսի՞ ավարտական վկայական են ստանում ծրագրի շրջանավարտները: «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները ստանում են ՀՀ պետական ատեստատ և միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ավարտական գնահատականներով ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ: Միջազգային դիպլոմ ստանալու համար պահանջվում է նվազագույնը 24 միավոր (առավելագույն 45-ից): Ո՞ր դեպքում ծրագրի շրջանավարտը դիպլոմ չի ստանում: Վերոնշյալ շեմը չհաղթահարելու դեպքում ծրագրի շրջանավարտը ստանում է սերտիֆիկատ, որը նույնպես ընդունելի է մի շարք արտասահմանյան բուհերում (ոչ առաջատար): Ո՞ր համալսարաններն են ընդունում ՄԲ դիպլոմը: Աշխարհի 75 երկրների ավելի քան 1800 համալսարաններում (այդ թվում` աշխարհի առաջատար) Միջազգային բակալավրիատի դիպլոմը համարվում է այցեքարտ՝ հնարավորություն ընձեռելով առանց լրացուցիչ քննությունների ընդունվելու նշված համալսարաններ: Ի՞նչ է Pre-IB-ն (Միջազգային բակալավրիատի նախապատրաստական դասընթացներ): Միջազգային բակալավրիատի նախապատրաստական դասընթացները (Pre-IB) հանդիսանում են եզակի կամուրջ` ՀՀ հանրակրթական ծրագրերի և Միջազգային բակալավրիատի ծրագրերի միջև: Այն նախատեսված է 8-րդ, 9-րդ և 10-րդ դասարանցիների համար: Ծրագրի շրջանակներում աշակերտները ծանոթանում են «Դիպլոմա» ծրագրի առարկաներին, սովորում են ՄԲ-ի պահանջներին համապատասխան անգլերեն, կատարում են հետազոտական աշխատանքներ, իրականացնում CAS ծրագրեր և այլն:
|
Մուտք համակարգ
Երախտիքի խոսքեր
|